լուսանկարը՝ aywa.am |
Շաբաթը կազմակերպվում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի(FCEM.org) հովանու ներքո, որի լիիրավ անդամ է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան: Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան, որը հիմնադրվել է 1945թ., Կին ձեռներեցների ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում՝ շուրջ 5 մլն. անդամներով, աշխարհի ավելի քան 120 երկրներից:
Կանանց ձեռներեցության շաբաթին իրենց մասնակցությունն են բերում ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ Կառավարության անդամներ, ներկայացուցիչներ տարբեր երկրներից (Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Ղազաստան, Վրաստան, Մոնակո, Իրան և այլն), միջազգային հեղինակավոր կազմակերպություններից (Եվրամիություն, Արժույթի Միջազգային Հիմնադրամ, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման Հիմնադրամ, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ, Ասիական Զարգացման Բանկ, Գերմանիայի Միջազգային Համագործակցության Հիմնադրամ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն, Արժույթի միջազգային հիմնադրամ, Միջազգային ֆինանսական կորպորացիա և այլն) ներկայացուցիչներ պետական և հասարակական կազմակերպություններից, մի քանի տասնյակ հաջողակ և սկսնակ կին գործարարներ Հայաստանից և այլք:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը (ՀՀ ԿՁՑ) Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում կազմակերպում են «Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողով՝ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի հովանու ներքո (FCEM.org):
«Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը կկայանա 2015թ. հունիսի 8-ին և 9-ին, Երևանում, Կոմիտասի Թանգարան-Ինստիտուտում:
Համաժողովը ներառում է երկկողմանի և բազմակողմանի բիզնես հանդիպումներ, ներկայացումներ,քննարկումներ: Կին ձեռներեցների երևանյան շաբաթընդհանուր առմամբ բաղկացած է հետևյալ միջոցառումներից.
- Համաժողով` հունիսի 8 և 9
- ՀԵԿԱ և ԿՁՑ նախագահության անդամ, նկարչուհի Լիլիթ Դանիելյանի աշխատանքների ցուցահանսդես՝ հունիսի 8-ից 11-ը (ցուցահանդեսի բացումը` հունիսի 8-ին, «ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» արվեստասրահում. հասցեն` Վարդանանց 14/1)
- Էքսպո ցուցահանդես՝ կանանց կողմից վարվող կամ կանանց մասնակցությամբ գործող ձեռնարկությունների ընդգրկմամբ ՝ հունիսի 10-ին (Կառավարական տուն 1 շենք, մուտքը՝ Մելիք-Ադամյան փողոցից, 1-ին հարկ)
- Փորձի փոխանակման և ճանաչողական այցեր դեպի հայկական ձեռնարկություններ՝ հունիսի 10-ին
- Մշակութային ծրագիր՝ Հայաստանը օտարերկրյա մասնակիցներին լավագույնս ներկայացնելու համար
- «Կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխություն` հունիսի 10-ին
«Կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը, որը մեր երկրում կին ձեռներեցներին ուղղված խրախուսական միջոցառումներից մեկն է, ՀԵԿԱ-ի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի կողմից կազմակերպվում է 2011թ.-ից ի վեր:
Միջազգային համաժողովի ընթացքում հնարավորություն կլինի քննարկելու նաև կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված հարցեր: Համաժողովի ավարտին նախատեսվում է ընդունել բանաձև` ազգային և միջազգային մակարդակներում կանանց ձեռներեցության խրախուսման առնչությամբ:
«Մեր նպատակն է հերթական անգամ ընդգծել կանանց ձեռներեցության կարևորությունը մեր երկրում, ինչպես նաև հնարավորություն տալ մեր երկրի կին ձեռներեցներին շփվելու համաշխարհային կառույցներում ընդգրկված և տարբեր երկրներում ձեռնարկություններ ղեկավարող կին ձեռներեցների հետ, որը կարող է բերել նոր համագործակցության»,- նշել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի նպատակներն են՝ նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջև կապերի ստեղծմանը և համագործակցության ամրապնդմանը, նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության համար գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների իրականացմանը և համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:
Աղբյուր՝aywa.am
Comments
Post a Comment