Skip to main content

Ի՞նչ խնդիրներ ունեն կանայք Հայաստանում. հարցազրույց

Կանանց միամյսակը մեր երկրում կանանց ունեցած խնդիրները քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար լավ առիթ է: Հայաստանում կանանց խնդիրների մասին «Անկախը» զրուցել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հասարակության հետ կապերի պատասխանատու Էլվիրա Մելիքսեթյանի հետ:
- Մեր երկրի մայր օրենքում` Սահմանադրությունում, ամրագրված է, որ ՀՀ-ում բոլոր քաղաքացիներն օրենքի առջև հավասար են: Իսկ գործնականում իրավիճակն ինչպիսի՞ն է: Որքանո՞վ է ապահովված կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը:
- Ներկա պահին օրենքների մակարդակով գոնե նվազագույն հնարավորություններ տրված են կանանց ու տղամարդկանց սոցիալական հարթակում հավասար իրավահարաբերություններ ունենալու համար: Սակայն եթե դիտարկենք հասարակությունում իրական փոխհարաբերությունները, ապա խտրականությունն ակնհայտ է` սկսած ընտանիքում դաստիարակությունից, երբ տղաները և աղջիկները տարբեր կերպ են դաստիարակվում` հիմքում ունենալով հայրիշխանական արժեհամակարգը: Հենց ընտանիքի ինստիտուտից է սկսվում կանանց նկատմամբ խտրականությունը. հագուստի գույնի ընտրություն, խաղալիքներ, զբաղմունքներ ու հմտությունների զարգացում, մինչև իսկ մասնագիտության ընտրություն:

Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ սպասարկման ոլորտում նույն աշխատանքի համար կանայք ավելի քիչ եկամուտ են ստանում: Այս հարցում Հայաստանը եզակի չէ: Ուրիշ խնդիր էլ կա. կանանց աշխատանքի չեն ընդունում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետագայում կարող են ֆիզարձակուրդ գնալ:

Խնդիր ունենք նաև կնոջը բարձր պաշտոնում տեսնելու առումով: Առաջատար դերերում հիմնականում տղամարդիկ են, իսկ կանայք հիմնականում ծառայությունների ոլորտներում են կարողանում ղեկավարողի պաշտոն ստանձնել: Խնդիր ունենք նաև հոգեբանական տեսանկյունից. երբ խոսում ենք կնոջ դերերի մասին, քիչ թվով մարդիկ են, որ կարողանում են կնոջն առաջատար դերում տեսնել, անգամ տեսնողները թերահավատությամբ են խոսում այդ մասին:
Գաղտնիք չէ, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատման լուրջ խնդիր կա: Հայաստանն այս ցուցանիշով աշխարհում երրորդ տեղում է, ինչը սեռի հատկանիշով խտրականության առավել սուր դրսևորումներից է: Մենք աշխարհում երրորդ տեղն ենք գրավում այն երկրների շարքում, որտեղ աղջիկ երեխա չեն ուզում ունենալ` նախապատվությունը տալով տղաներին:
- Մենք չունենք նաև օրենքներ, որոնք ուղղված լինեն կանանց իրավունքների պաշտպանությանը: Ինչո՞ւ, օրինակ, դեռ չունենք օրենք ընտանեկան բռնության մասին:
- Երկար տարիներ է, ինչ մի քանի կազմակերպություններով փորձում ենք հասնել այդ օրենքի ընդունմանը: Անցած տարի նոյեմբերի 25-ին` կանանց իրավունքների պաշտպանության 16-օրյակի շրջանակներում, բոլոր պատգամավորներին անհատապես նամակներ ուղղեցինք, նաև հասարակությունում ստորագրահավաք կազմակերպեցինք: Շատերը կողմ էին օրենքի ընդունմանը, դեմ կարծիք չկար: Սա առաջընթաց է, քանի որ հասարակությունը միշտ չէ, որ ողջունում է գենդերային փոխհարաբերությունների հետ կապված նախաձեռնությունները: Ցավոք սրտի, առայժմ կառավարությունը համարում է, որ բավարար մեխանիզմներ չունենք առանձին օրենքի ընդունման համար: Առաջ քաշված նկատառումները հաշվի են առնվել, և հույս ունենք, որ նախագիծը ևս մեկ անգամ քննարկման կդրվի: Բացի այն, որ օրենքն ընտանեկան բռնության կանխարգելման ռազմավարությունն է բովանդակում նաև հոգեբանական տեսանկյունից է հարց լուծում. վերջապես ընդունում ենք, որ, այո, մեր հասարակությունում հրատապ խնդիր է ընտանեկան բռնությունը: Մինչև հիմա թե՛ հասարակական կարծիքում, թե՛ դատական մակարդակում թերահավատություն կա այդ երևույթի ու դրա վտանգավորության վերաբերյալ, որովհետև համարում են, որ դրանք եզակի դեպքեր են: Բայց եթե վերցնենք ցանկացած հայկական ընտանիք, պատասխանատու եմ բառերիս համար, կտեսնենք, որ այնտեղ ինչ-որ տեսակի բռնություն կա, սկսած հոգեբանական բռնությունից, որը կարող է վերածվել սպառնալիքների կամ կոպիտ խոսելաձևի, վերջացրած ֆիզիկական ու սեռական բռնությամբ:
- Իսկ կարո՞ղ եք առանձնացնել, թե հատկապես որ ոլորտներում են կանանց իրավունքները շատ ոտնահարվում:
- Դժվար է ինչ-որ ոլորտ առանձնացնելը, որովհետև մեկը մյուսի հետ կապված է: Հասարակական մակարդակով դեռևս չունենք հավասարության գիտակցությունը, չնայած ունենք օրենքներ ու ազգային պլաններ:
Մի կողմից` կառանձնացնեմ ընտանիքի ինստիտուտը, որը, ցավոք սրտի, դաստիարակում է պոտենցիալ զոհերի: Երկրորդ. կնոջ սեռականության հարցը, որը դիտարկվում է որպես գրավչության օբյեկտ տղամարդկանց աչքում: Կնոջ սեռականության ու ազգի պատվի նույնականացումը ևս մեծ հոգեբանական բռնություն է կանանց նկատմամբ:
Այնպիսի ոլորտ չկա երևի, որտեղ կինը խտրականության չենթարկվի: Անգամ ընտանիքի ներսում կինը չի կարողանում ինքնահաստատվել ու իր ամբողջ պոտենցիալով ներկայանալ, քանի որ նույն ընտանիքի ներսում կարևոր որոշումները կայացնում է տղամարդը: Կինը պատասխանատու է հիմնականում խոհանոցի համար: Բայց, օրինակ, երեխաների հետ կապված ոլորտներում կանայք ինքնաիրացվելու ավելի շատ հնարավորություններ ունեն:
Մի խնդիր էլ ունենք` հայրիշխանական մտածելակերպը, որը ենթադրում է, որ իշխանությունը, որոշումներ կայացնելու ուժը և իշխանություն կիրառելու գործիքները տղամարդկանց ձեռքում են, դրա հետևանքով ունենք հասարակություն, որտեղ ի սկզբանե տղամարդիկ փաստացի ավելի շատ հնարավորություններ ունեն, քան կանայք:
- Իսկ ԶԼՄ-ների, հատկապես սերիալների և նրանց դերի մասին ի՞նչ կասեք:
- Եթե նայենք մեր հայկական սերիալները, որոնք եթերում հիմա կան, բոլորը նպաստում են բացասական կարծրատիպերի ամրապնդմանը: Կնոջ ամեն տեսակի իրավունքների ոտնահարում է տեղի ունենում, քանի որ կինն այստեղ թե՛ ընտանիքի ներսում, թե՛ դրսում պետք է լինի խեղճ, հեզ, համեստ, իսկ տղամարդիկ կարողանում են հոգեբանական, ֆիզիկական ու սեռական բռնության ենթարկել իրենց զուգընկերներին: Միաժամանակ, տղամարդիկ հերոսներ են համարվում, այսինքն` հերոսի դերը տրվում է բացասական կերպար ունեցող տղամարդուն: Այսպիսի մոդելներ տեսնելով` երեխաները և նույնիսկ հասուն մարդիկ օրինակ են վերցնում դրանից: Եթե անգամ մենք գիտակցաբար չենք ուզում բռնություն գործադրել, եթե փողոցում տեսնենք բռնության տեսարան` սովորական կթվա, որովհետև հեռուստաեթերում անընդհատ տեսնում ենք բռնություն, ու երբեք չի խոսվում պատժելիության մասին:
Նաև տեսնում ենք, որ պրոպագանդվում է կնոջ մոդել, որը սեռապես գրավիչ պետք է լինի` ընդգծված դիմահարդարմամբ ու բարձրակրունկ կոշիկներով, բայց միայն արտաքինից, քանի որ բնույթով պետք է լինի համեստ ու զուսպ: Իսկ եթե մեկը կարողանում է բնավորությամբ արտահայտիչ լինել, բարոյական հարցին է սկսում անդրադարձ կատարվել, ներկայացվում է որպես թեթևաբարո կին:
- Ի՞նչ է պետք, որ քարը տեղից շարժվի:
- Այստեղ համակարգային մոտեցում է պետք: Մի կողմից` պետք է օրենսդրական դաշտն ամրապնդել: Եթե ունենալով բռնության հսկայական ցուցանիշներ, չունենք ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք, անուղղակիորեն նպաստում ենք բռնությունների թվաքանակի աճին:
Մյուս կողմից` պետք է նպաստել կրթական համակարգում փոփոխություններին: Ի դեպ, այստեղ հաջողություն ունենք. հասարակագիտություն առարկայի շրջանակներում այսուհետ առանձին պետք է խոսվի գենդերային իրավահավասարության մասին:
Բացի այդ, հասարակության հետ աշխատանք է պետք տանել` հանդիպումներ, ոչ ֆորմալ կրթություն: Ուղղակի այստեղ մի խնդիր կա. հասարակությունը միշտ չէ, որ պատրաստ է լինում լսելուն: Դերերը հիմա բաշխած են այնպես, որ տղամարդիկ իրենց դերից դժգոհ չեն, իսկ կանայք էլ սովորել են ու հարմարվել: Համապատասխան գիտակցության ձևավորման գործում մեծ է արվեստի և գրականության դերը:
- Իրավահավասարությունն ապահովելու ուղղությամբ ՀԿ-ների կողմից համակարգված աշխատանքներ են իրականացվում, իսկ պետական մակարդակո՞վ:
- Բավարար, լիարժեք աշխատանք ոչ մի ինստիտուտ էլ չի տանում, դրանք բավականին բարդ պրոցեսներ են ու նպատակն իրագործելու ունիվերսալ ռազմավարություն չկա: Հաճախ դժվարություն ենք ունենում պետական կառույցների հետ երկխոսության հարցում: Հիմա, բարեբախտաբար, քարը տեղից շարժվել է: Քիչ առաջ նշեցի կրթական ու օրենսդրական դաշտում տարվող աշխատանքների մասին: Հիմա ոստիկանությունում ունենք ընտանեկան և անչափահասների նկատմամբ առանձնացված վարչություն, ունենք ազգային պլան, որն ուղղված է իրավահավասարության հաստատմանը: Պարզապես այստեղ խնդիրն այն է, որ երբեմն պետական օղակներում հենց ծրագրերն իրականացնողներն ունեն պատրիարխալ հայացքներ:
Ֆորմալ մակարդակով քայլեր արվում են, իհարկե, բացեր էլ շատ կան, և չենք կարող ասել, որ կանայք պաշտպանված են այս հասարակությունում: Ոլորտներ կան, որտեղ պետական համակարգը կարող է իր ներդրումն ունենալ, սակայն չի արվում, քանի որ սա դեռևս օրակարգային հարց չէ:
Օրինակ, եթե հեռուստատեսությունը կարողանա ուղղորդիչ աշխատանքներ իրականացնել, մի քանի տարի անց հասարակությունում փոփոխությունները նկատելի կլինեն առանց մեծ ջանքերի:
Հեղինակ՝ Հայկուհի Բարսեղյան
Աղբյուր՝ Անկախ.com

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և