Skip to main content

Ֆեմինիզմը որպես անարխիզմ. Լին Ֆարոու

studentpulse.com
Ֆեմինիզմը գործի է դնում այն, ինչ անարխիզմը քարոզում է: Կարելի է համարձակվել ու պնդել, որ ֆեմինիստները միակ գոյություն ունեցող բողոքող խմբերն են, որոնք ազնվորեն կարող են կոչվել գործող անարխիստներ. նախ, որովհետև կանայք ներդրվում են կոնկրետ նախագծերի մեջ, որոնցից են աբորտի կլինիկաները և աշխատանքին կից մանկապարտեզները, երկրորդ` ապաքաղաքական կանայք հիմնականում հրաժարվում են քաղաքական պայքարի մեջ մտնել աջերի կամ ձախերի, ռեֆորմիզմի կամ հեղափոխության պայմանների ներքո:
Սակայն կոնկրետ նախագծերի հանդեպ կանանց մտահոգությունը և նրանց ապաքաղաքական գործունեությունը չափից մեծ սպառնալիք են հանդիսանում թե´ աջերի և թե´ ձախերի համար, և ֆեմինիստական պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես են կանանց ուշադրությունը շեղել իրենց առաջնային խնդիրներից, օրենսդրական շերտում զինվորագրելով և կոոպտացիայի ենթարկելով պաշտոնական ու հաստատված կուսակցությունների կողմից, և տեսականորեն՝ ձախերի կողմից: Այս զինվորագրումը հաճախ մեզ հետ է պահել հարցադրումից, թե ո՞րն է ֆեմինիզմի դիրքը: Ո՞րն է փոփոխություն բերելու լավագույն ռազմավարությունը:
Առաջին իմպուլսը ուղղված կանանց ազատագրմանը տեղի ունեցավ 1840-ականներին, երբ լիբերալները աբոլիցիոնիզմին ուղղված արշավում էին: Մի խումբ պերճախոս քուեյկեր կանայք ակտիվորեն ելույթ էին ունենում ի ազատագրում Հարավի ստրկատիրական համակարգի և շուտով գիտակցեցին, որ կանայք ևս չունեին այն հիմնական իրավունքները, որոնք վիճարկում էին սևերի համար: Լուսի Սթոունը և Լուկրեցիա Մոթը երկուսն էին կին աբոլիցիոնիստներից, ովքեր երբեմն կցում էին որոշ ֆեմինիստական գաղափարներ աբոլիցիոնիստական ելույթների վերջում, անսովորության աստիճան բարկացնելով իրենց լիբերալ ընկերներին: Սակայն կանայք սպառնալիք չէին հանդիսանում այնքան ժամանակ, քանի դեռ գիտեին «իրենց տեղն» ու հիշում էին, թե որ գործն էր «ավելի կարևոր»:
Հետո 1842-ին Լոնդոնում անցկացվեց հակաստրկության համաշխարհային համագումարը և որոշ ամերիկացի կանայք, այլ աբոլիցիոնիստ ներկայացուցիչների հետ միասին, հատեցին Ատլանտյան օվկիանոսը հայտնաբերելու ոչ միայն այն, որ կանայք մերժված են մաս կազմելու համագումարի ընթացքին, այլ ավելի վատ` նրանք հարկադրված էին նստել վարագույրի հետևում: Լուկրեցիա Մոթը և Էլիզաբեթ Քեյդ Սթենթոնը՝ զայրացած լիբերալների հակաստրկության հավաքի կեղծավորության հանդեպ, որը մերժում էր կանանց մասնակցությունը, հենց այդ պահին և այդտեղ որոշեցին վերադառնալ Միացյալ Նահանգներ և կազմակերպվել հանուն կանանց ազատագրման:
Առաջին Կանանց Իրավունքների Համաժողովը տեղի ունեցավ 1848-ին Սենեկա Ֆոլզում, որը միայն երեքօրյա հայտարարությամբ տեղական թերթում գրավեց կանանց ահռելի թվաքանակ. ժողովի վայրը` եկեղեցին, լեցուն էր: Համաժողովի ավարտին հավաքվածները պատրաստեցին Միացյալ Նահանգների «Անկախության հռչակագրի» հիման վրա մեկ այլ բանաձև՝ «Իրավունքների և արժանապատվության հռչակագիրը», որն այս դեպքում Անգլիայի թագավոր Ջորջի փոխարեն ուղղված էր ընդդեմ տղամարդկանց: Այս Համաժողովից հետո, որը համարվում է կանանց իրավունքների շարժման պաշտոնական սկիզբը Ամերիկայում, ֆեմինիզմը արագ թափ հավաքեց թիրախում ունենալով ունեցվածքի իրավունքների և այլ դժգոհությունների հարցերը:
Երբ ամերիկացի ֆեմինիստները որոշ չափով աջակցություն ձեռք բերեցին, լիբերալները սկսեցին անհանգստանալ, թե կանայք իրենց էներգիան ծախսում են կանանց խնդիրների վրա և ոչ այդ ժամանակի կարևորագույն խնդրի` աբոլիցիոնիզմի վրա: Ի վերջո, նրանք պնդում էին, սա «սևամորթների պահն է» և կանայք այդքան նեղամիտ չպետք է լինեն, որ այդ պահին իրենց մասին մտածեն: Երբ վրա հասավ քաղաքացիական պատերազմը այս հռետորությունը ակնարկներից վերածվեց ինքնարդար զայրույթի: Ինչպես կարող էին կանայք այդքան ոչհայրենասեր գտնվել՝ իրենց նվիրելով ֆեմինիզմին ազգային ճգնաժամի ժամանակ: Ըստ էության այդ պահին յուրաքանչյուր ֆեմինիստ Ամերիկայում հետաձգել էր իր ֆեմինիստական գիտակցությունը և իր աջակցությունն էր ցուցաբերում լիբերալների հետաքրքրությանը, համոզված լինելով, որ երբ պատերազմը ավարտվի ու երբ սևերը ըստ Սահմանադրության հավասար իրավունքներ ստանան` կանայք նույնպես կներգրավվեն:
Եռանդուն աբոլիցիոնիստ Սուզան Բ. Անթոնին այդ ժամանակվա միակ ֆեմինիստն էր գուցե, ով մերժեց լիբերալների պահանջը: Նա շարունակեց բողոքել կանանց իրավունքների համար չնայած համախոհների մասնատմանը, ովքեր զինվորագրվել էին աբոլիցիոնիստների շարքերում: Նա պնդում էր, որ երկու պայքարները կարող են համատեղ ընթանալ, իսկ եթե ոչ` կանայք կմոռացվեն պատերազմից հետո: Նա ճիշտ էր: Երբ պատերազմից հետո Կոնգրեսում ներկայացվեց Սահմանադրության 14-րդ Հավելվածը, կանայք ոչ միայն դուրս էին մնացել, այլ նրանց հատուկ ձևով բացառել էին: Սահմանադրության մեջ առաջին անգամ հայտնվել էր «տղամարդ» բառը՝ հստակեցնելու համար, որ «մարդ» բառի գործածությունը համարժեք է տղամարդուն:
Այս հիմնական հարվածն ըննդեմ կազմակերպված ֆեմինիզմին խոչընդոտեց կանանց հետագա իրավական առաջխաղացմանը: Հետո 1913-ին, երբ բրիտանացի կանայք մեկնարկեցին իրենց ռազմական մարտավարությունները՝ պայթեցնելով շենքեր և սկսելով հրդեհներ, մի երիտասարդ ամերիկացի քուեյկեր՝ Ալիս Փոլը, ճամփորդեց Անգլիա ուսանելու և սկսեց աշխատել հռչակավոր Փանքհըրսթ քույրերի հետ: Նա վերադարձավ Միացյալ Նահանգներ մտադրված վերստեղծել սուֆրաժիստների շարժումը և շուտով համոզեց համարյա չգործող Կանանց Ազգային Սուֆրաժիստական Ասոցիացիայի ղեկավարներին վերսկսել սուֆրաժիստների քարոզարշավը Վաշինգտոնում:
Շատ կարճ ժամանակում ոչ այլ ինչի, քան նրա կազմակերպչական և ռազմավարության կատարյալ հանճարեղության շնորհիվ Ալիս Փոլը ստեղծեց բազմախմբակցային շարժում, որն այս անգամ չէր կարելի արհամարհել: Նրա ամենաարդյունավետ ռազմավարությունը Սպիտակ Տան դիմաց քննադատական ազդագրերով պիկետի դուրս գալն էր՝ չեղյալ հայտարարելով սուֆրաժիստների հանդեպ երկրի նախագահ Ուիլսոնի ավտորիտար ու երկերեսանի կեցվածքը, երբ նա միաժամանակ դեմոկրատիա էր քարոզում արտասահմանում: Սակայն մոտենում էր առաջին համաշխարհային պատերազմը և հարթակը նորից գործի էր դրվում ֆեմինիստներին ներքաշելու նպատակով:
Պացիֆիստները կոչ էին անում կանանց ժամանակավորապես հետաձգել իրենց խնդիրը և միացնել իրենց ջանքերը խաղաղության խնդրին, մինչդեռ այդ նույն ժամանակ մեծամասնությունը` պատերազմի գիշատիչները, սկանդալ էին սարքել այն բանի համար, որ կանայք կարևոր պահին «լքել էին» իրենց երկիրը: Նորից կանանց զինվորագրեցին, և նրանք հազարներով հեռացան ֆեմինիստական շարժումից` օգնության հասնելու իրենց մյուս կուսակցություններին, սակայն այնումենայնիվ փոքր, բայց էֆեկտիվ մի խումբ` Կանանց Ազգային Կուսակցությունը, մնաց անհորդոր ընտրական իրավունքի պայքարում:
Դժվար է հաստատել, թե որ կողմն է՝ ա՞ջ թե ձա՞խ, ավելի պատասխանատու ֆեմինիստական ներուժը քաղաքական փոփոխության դաշտում կոոպտացիայի ենթարկելու գործում։ Պատմությունը ապացուցում է, որ նրանց գործադրած մեթոդները նմանատիպ են եղել այն բանում, որ նրանց աներկբայելի համոզմունքը «ավելի մեծ պայքարին» առաջնայնություն տալու մեջ անխուսափելիորեն հանգեցրել է ֆեմինիստական խնդիրների հեռացմանը՝ ասելով, թե դրանք կողմնակի են, ոչ առաջնային: Ներկայիս աֆրոամերիկյան շարժման ու ձախի, որի գերակշռող մեծամասնությունը մարքսիստներ են, վերլուծությունները նույն սիմպտոմատիկ ձևով են կանանց ներառում իրենց ծրագրերի մեջ, այսինքն` երբ «հիմնական» պայքարը հաղթի, այդ ժամանակ կանայք կունենան իրենցը: Կանայք պետք է սպասեն: Կանայք պետք է օգնեն ավելի մեծ պայքարում:
Սև կանանց պոեզիան ինտենսիվորեն կառուցում է սև տղամարդու էգոն ավանդական ձևով` ինքնարժեզրկման միջոցով: Կրկնվող մոտիվը պատմում է սև կնոջ հպարտ տառապանքի մասին սև տղամարդու վերաբերմունքից, ով ապարականացվել է (emasculated) իր սպիտակ տիրոջ կողմից և ուրեմն կարիք ունի գոնե «իր» կնոջ հանդեպ վերադաս զգալ: Կինը խաղում է իրեն հատկացված դերը: Նրա տառապանքները ուղղակիորեն աջակցում են աֆրոամերիկյան (տղամարդու) պայքարին, որը նա դիտարկում է, որպես վսեմ զոհաբերություն: (Ինչպես Ջերմեյն Գրիրն էր առաջարկում, քանի որ կանայք չունեն իշխանություն, որ սպառնան, նրանք չեն կարող «անդամահատվել» ու այդ իսկ պատճառով ոչ ոք չի տեսնում նրանց անուժությունը այլ ձևով, քան որպես բնական մի բան և ոչ ոք չի պատրաստվում պառկել կնոջ ոտքերի տակ քացի ստանալու համար): Մինչդեռ սև տղամարդու անուժությունը ընդամենը ժամանակավոր է, քանի որ նա տղամարդ է և ունի սպիտակ տղամարդու պոտենցիալ ուժը: Նրան պարզապես պետք է կինը, որպեսզի իշխի այնպես, ինչպես սպիտակ տղամարդն է իշխել նրան. այսպիսով նրա կարգավիճակը կվերահաստատվի: Աֆրոամերիկացիները մարտահրավեր նետեցին սպիտակների գերիշխանությանը` գիտակցելով, որ սևը գեղեցիկ է: Նրանք դեռ պետք է մարտահրավեր նետեն սպիտակների ընտանիքի մոդելին` հայրիշխանական ընտանիքը որպես ցանկալի մոդել, և այդ իսկ պատճառով դեռ շարունակում են պահպանել տղամարդու գերիշխանությունը:
Ջուլիեթ Միթչելը մարքսիստ ֆեմինիստ է, ով տիպիկ կոնցեպտուալ ձևով մեկնաբանում է («Կնոջ կալվածք»-ում, 1971) մի խմբի՝ ֆեմինիստների, շատ կոնկրետ բողոքները, ասելով թե դրանք հիմնականում սիմպտոմատիկ են կամ կապ չունեն մեծ պայքարի հետ, որտեղ բոլոր խմբերը մասնակցում են իդեոլոգիաներ կոչվող վերացարկություններին: Ինչպես և կարելի է կանխատեսել, եթե տեսության մեջ հակասություններ են ի հայտ գալիս, Միթչելն անցնում է «ամփոփման»` մի վերացարկում, որը կընդլայնվի այնքան, մինչև ամեն ինչ կհարմարեցվի: Երբ կոնկրետ հետաքրքրության խմբերը, ինչպիսիք են ուսանողները, կանայք, սևերը կամ միասեռները ձևակերպում են իրենց առաջնությունները՝ բխող հենց իրենց իրավիճակից, Միթչելը մեղադրում է նրանց անօգնականորեն կարճատես լինելու մեջ, որ չեն ուզում տեսնել իրենց կարիքները որպես սիմպտոմ: Այն, ինչ նրանք պետք է հասկանան, շարունակում է նա, «ամբողջականությունն» է (“totalism”), բոլոր վերլուծություններին վերջ դնելու վերլուծությունը:
Շահագործված դասակարգի կամ ճնշված խմբի լիովին զարգացած քաղաքական գիտակցությունը չի կարող ինքն իրենից բխել, այլ կարող է միայն ծագել հասարակության բոլոր դասակարգերի փոխհարաբերությունների (և գերիշխող կառույցների) գիտելիքից: . . . Սա չի նշանակում միանգամից ըմբռնել այն եղանակները, որոնցով մյուս խմբերը և դասակարգերը շահագործվել կամ ճնշվել են, բայց նշանակում է «ամբողջական» (“totalist”) հարձակում անել կապիտալիզմի դեմ, որը կարող է հանգեցնել այլ ճնշված խմբերի հետ սոլիդարության պահանջի գիտակցություն:
Միթչելը հեշտորեն կարող է մեղադրվել հղացական իմպերիալիզմի մեջ, հաշվի առնելով որ իր գործածած «ամբողջական» տերմինը ծառայում է ավելի փոքր տեմիններ խժռելուն` իր բուն մարքսիստական գաղափարի իշխանության ներքո` նվազեցնելով դրանք երկրորդական դասի: Ըստ Միթչելի, իրենց հետաքրքրություններին իրենց ձևերով արձագանքող անհատական խմբերը պետք է սովորեն տեսնել ուղին և զոհաբերել: Միթչելի գաղափարը, թե նրանք պետք է հրաժարվեն իրենց անհատական խնդիրներից ամբողջի շահի համար` վերացարկություն է, որը դադարեցրել է ներկայացնել որևէ հետաքրքրություն առհասարակ, քանի որ այնքան ընդարձակ է, որ ոչ մի կերպ չի կարող առնչվել բազմազան հետաքրքրությունների հետ:
Ամբողջական դիրքորոշումը այդ գիտակցության նախապայմանն է, սակայն այն պետք է բազմազանեցնի իր իրազեկության սահմանները կամ իր դուրս ընկած քթից այն կողմ չտեսնելով՝ խրվի սև շովինիզմի ցեխի մեջ, որը աշխատավոր դասակարգի էկոնոմիզմի ռասայական և մշակութային համարժեքն է:
Միթչելի գաղափարները անվավեր են դարձնում անհատականության բոլոր դրսևորումները ճիշտ այնպես, ինչպես կազմակերպված ձախերն ու աջերն են պատմականորեն զինվորագրել կանանց իրենց շահերի համար աշխատելու: Երբ կանանց հորդորում են լինել «ամբողջական», դա նույնն է երբ քաղաքացիներին համոզում են լինել «հայրենասեր»: Մեզ խնդրում են մի տեսակի նահապետականությունից (paternalism) անցնել մեկ այլ տեսակի նահապետականության: Մեզ խնդրում են համաձայնվել ստորակարգային մետավերլուծության հետ, որը չենք կարող համարել, թե ունի՝ ամենահեռավոր ձևով անգամ, որևէ կապ մեր անմիջական բողոքի հետ: Այն ինչ լավ է բոլորի համար, ենթադրաբար պետք է լավ լինի յուրաքանչյուրի համար:
Ամբողջականության տեսիլի սպառնալիքի տակ մենք կանչված ենք արդարացնելու և հիմնավորելու մեր հետաքրքրությունների վավերականությունը, այսինքն՝ դադարեցնելու հետապնդել մեր խնդիրը և ներքաշվելու այն պաշտպանելու համար ուշադրությունը շեղող ցանցի մեջ: Մենք այնքան ենք վարժեցված մտածելու, որ մի խմբի շահերը ավելի կարևոր են, ավելի հիմնական, քան մյուսինը, որ ինքնահիմնավորման թակարդն ենք ընկնում, փոխանակ հարցականի տակ դնենք մի խումբը մյուսի դիմաց հանելու իմաստը:
«Ամբողջական» մոտեցումը ոչ միայն խառնաշփոթ է առաջացնում, թե որ խնդիրն է առաջնայինը, այլև առաջարկում է, որ երբ խնդրի էությունն ամբողջական է, ուրեմն լուծումն էլ այդպիսին պետք է լինի, որը մեզ բերում է այնտեղ, որտեղ միշտ խցկել են կանանց: Խմբերը կարող են գործել «բոլորս միասին ենք» պատրանքի ներքո այնքան ժամանակ, քանի դեռ նրանք տեսականացվում են, ինչպես, օրինակ, Ամերիկայի քաղաքացիական պատերազմից առաջ ֆեմինիստներին տրված խոստումները: Երբ հարցը գալիս է այս վերացականորեն ձևավորված իրավիճակի մասին կոնկրետ ինչ-որ բան անելուն, հնարավոր չէ հեշտորեն փնտրել ու ոչնչացնել «ամբողջական» թշնամուն: Լուծումները, կարճ ասած, անխուսափելիորեն ենթադրում են կոնկրետ նախընտրություններ` ինչ պետք է արվի սկզբում և ում համար: Այսպիսով խնդիրը, որ կկարողանա ուրիշներին ամենաազդեցիկ ձևով համոզել, ներքաշել, կստանա առաջնություն և մյուսները կսպասեն: Կամ այդպես, կամ էլ ամբողջական լուծումը այնքան ցրված կլինի, որ մոբիլիզացված էներգիաները չեն կարողանա օգնել և ոչ մեկին: Կանայք երկու դեպքում էլ տուժում են, երբ տեսնում են սեքսիզմի դեմ իրենց պայքարը ցանկացած մեծ պայքարի ներքո:
Եթե ֆեմինիստական պայքարը կողմնակի կամ երկրորդական չէ այլ քաղաքական շարժումների հանդեպ, ուրեմն ինչպե՞ս կարելի է այն նկարագրել:
Քանի որ կանանցից շատերը իրենց կյանքի գոնե մի մասը ապրում կամ աշխատում են տղամարդկանց հետ, նրանք ի տարբերություն մյուս խմբերի արմատապես այլ մոտեցում ունեն իրենց խնդիրների նկատմամբ կապված այն բանի հետ, որը սովորաբար կոչվում է «կեղեքում»: Քանի որ կինը առհասարակ հետաքրքրված է տղամարդկանց հետ անձնական կամ մասնագիտական նպատակներով հարաբերություններ պահել, խնդիրը չի կարող միայն նվազեցվել կամ տեղայնացվել տղամարդկանց շուրջ: Դա նախ կնշանակի նրանց հեռացումը իրավիճակից որպես լուծում, որն իհարկե չի բխում կնոջ շահերից: Բացի այդ, հարցն այստեղ ամենևին խնդրի դրդապատճառի վրա կենտրոնանալը չէ: Կոնֆլիկտը պետք է կենտրոնացնել ոչ թե մարդկանց վրա, այլ այն վարքագծի, որը տեղի է ունենում նրանց միջև:
Այստեղից հետևում է, որ կանայք, քանի դեռ նրանց համար շահավետ է տղամարդկանց հետ հարաբերություններ պահելը, պետք է իրենք իրենց դրությանը մոտենան լրիվ ուրիշ, անհրաժեշտորեն իրավիճակային (situationist) հիմունքի վրա: Նաև հետևում է այն, որ ֆեմինիզմի էներգիաները պետք է կենտրոնացած լինեն խնդրի վրա, այլ ոչ թե մարդկանց (կամ պայքարի): Շեշտադրումը չպետք է ուղղված լինի մենք-ընդդեմ-նրանց ոճով մրցակցության վրա, թիրախում ունենալով որոշակի արտոնություններով ինչ-որ առասպելական կեղեքողի կերպար, այլ հնարավորինս կողմերին իրար դեմ հանելուց խուսափելու վրա: Օրինակ, եթե սեռերի միջև արդեն գոյություն ունի մրցակցային իրավիճակ, կարատե սովորելը միայն կսաստի (երկու կողմերում էլ) զինուժերի կուտակմանը. պայքարի պայմանները չեն փոխում ուժի հավասարակշիռը երկու կողմերում:
Ֆեմինիզմը որպես սիտուացիոնիզմ կամ իրավիճակայնություն նշանակում է մշակված սոցիալական վերլուծություններն ու մարքսիստական առաջին պատճառներն ավելորդ կլինեն, քանի որ փոփոխությունները կբխեն իրավիճակներից, որտեղից էլ առաջանում են խնդիրները. փոփոխությունը կլինի յուրօրինակ ըստ մարդկանց անհրաժեշտության, ժամանակի և տեղի: Այս մոտեցումը հիմնականում համարվել է ոչ հանրաճանաչ, քանի որ մենք չենք հարգում անհատական խնդիրներ լուծելու ձևը կամ դժվարանում ենք կամ էլ երկուսը միասին: Մենք բնութագրում ենք այս մտահոգությունները որպես չնչին, եթե դրանք անմիջապես չեն նույնացվում որևէ լայնամասշտաբ հետաքրքրության/շահերի հետ կամ եթե այդ մտահոգությունները չեն համընդանրացվում «ավելի մասսայական վիճակի սիմպտոմի» հետ: «Արական շովինիզմից» խոսելը նույնքան անարդյունավետ է, որքան «կապիտալիզմի» քննարկումը, քանի որ ապաստանելով բացատրության հետևում, մենք էֆեկտիվորեն հեռացրել ենք մեզ խնդրից և դրա հետ անմիջապես հարաբերվելու անհրաժեշտությունից կամ հակազդելուց: Նման տեսական գերարտիկուլացումը ստեղծում է այն պատրանքը, թե մեկն արձագանքում է վճռական իրավիճակին առանց հասկանալու կամ ընդունելու իրականում այդ իրավիճակում մասնակցելու հանգամանքը:
Ֆեմինիստներին սկզբում մեղադրում էին, թե նրանք չունեն մեկ ընդգրկուն տեսություն և փոխարենը ունեն բազմաթիվ մանր դժգոհություններ: Սա մեդիայում մեծ զվարճանքի առարկա էր դառնում, քանի որ չկար լայնամասշտաբ կառուցվածքային և տեսական կապ այնպիսի բաների միջև ինչպես, ասենք, ամուսնացող կնոջ իր ամուսինու ազգանվան տակ հանդես գալը, կամ ձրի մանկապարտեզների պակասը, կամ «կին» բառի փոխարեն համառորեն «աղջիկ» բառի կիրառումը, կամ էլ կանանց համար աշխատանքի անարդար/շահագործող պայմանների տարածումը: Փոխանակ այս բազմազանությունն ընկալվեր որպես դիմացկունություն, այն ընկալվում էր որպես թուլություն: Կանխատեսելիորեն որոշ մարքսիստ ֆեմինիստներ՝ իրենց վրա վերցնելով մեղադրանքը, դարձան խնդրի ջատագովներ և ֆեմինիզմը դարձրեցին տեսականորեն հարգարժան դիսկուրս, տեղակայելով կանանց խնդիրները «վերարտադրողականության գաղափարախոսության» և այլ նմանատիպ անորոշ հասկացությունների շուրջ:
Ֆեմինիզմն ավանդորեն փորձել է գտնել տվյալ ժամանակաշրջանի կարիքներին համապատասխան «պահի համար անհրաժեշտ» լուծումներ, այսինքն կենտրոնացած ընտանիքի, համայնքի կամ ընկերների շուրջ: Սակայն եղել են որոշ ոչ-սկզբունքային, իրավական, լայնորեն հրապարակված (ինչպես նաև տեսական) փորձեր՝ կանանց շարժումը հանրայնացնելու գործում:
Օրինակ` վերջերս ես և մի քանի ընկերներ ներգրավված էինք ամուսնալուծության շուրջ ֆեմինիստական կոնֆերանս կազմակերպելու գործում: Մենք գտանք մի քանի բանախոսներ, ովքեր կներկայացնեին թե ինչպես ամուսնալուծվել և իրավաբաններ, ովքեր անվճար խորհրդատվություն կտային դրա կարիքն ունեցող կանանց: Կազմակերպել էինք զանազան արհեստանոցներ (workshops) բոլոր նրանց համար, ովքեր ամուսնալուծության գործընթացի մեջ էին կամ մտադրված էին ամուսնալուծվել: Համայնքից շատ կանայք եկան՝ հետաքրքրված խնդրի վրա կենտրոնացած թեմայով. կանայք, ովքեր հավանաբար իրենց չէին նույնացնի ֆեմինիզմի առեղծվածային հղացքի հետ: Բոլորը մասնակցեցին մեծագույն ոգևորությամբ, իրար հետ խորհուրդներ, հեռախոսի համարներ, և իրավաբանների անուններ փոխանակելով: Ոմանք հուզվեցին արհեստանոցների ընթացքում` զարմացած այլ նմանատիպ դրության մեջ հայտնված կանանց աջակցելու պատրաստակամության վրա:
Կոնֆերանսը սահուն էր ընթանում, երբ Կանանց Ազգային Կազմակերպությունից մի բանախոս ներկայացրեց ամուսնալուծության վերաբերյալ պաշտոնական ազգային դիրքորոշումը և կազմակերպության ապագա ծրագրերը: Այնտեղ ներառված էր մի առաջարկ, ըստ որի զույգերը պետք է մինչ ամուսնանալը քննություն անցնեին, որպեսզի միայն որակավորված մարդիկ մասնակցեին օրինական պայմանագրին: Ըստ երևույթին, նրանք ովքեր չանցնեին օրենսդիրների կողմից պատրաստված քննությունը չէին խրախուսվի և այդպիսով կկանխվեին ապագա ամուսնալուծությունները:
Բացի բացահայտ մոլորությանը հավատալու, որ նոր օրենքները կփոխեն այն ինչ եղած օրենքներն են ստեղծել մարդկանց իրենք իրենցից պաշտպանելու համար, Կանանց Ազգային Կազմակերպության առաջարկը ցույց է տալիս ամբարտավան, մոնոլիտ ձևով կանանց ազատագրման խնդրի լուծման փորձը, որը շատ նման է մարքսիստ Բրանկա Մագասի «մշակույթը զավթելու» ձգտումին: Ազգային օրենքի միջոցով մարդկանց զինվորագրելու մղումը նման է հեղափոխության միջոցով իշխանության բալանսի փոփոխման մղումին: Ցանկացած տիպի լայնամասշտաբ փոփոխություն կգտնի իր պատճառաբանությունը՝ սպասարկելու իր իսկ վեհանձն ավտորիտարիզմին: Ավելին, յուրաքանչյուր կողմ հայտարարում է, որ այն ինչ լավ է բոլորի համար՝ լավ է մեկի համար, ըստ որի ցանկացած միջոց կարելի է օգտագործել հեղափոխության ձգտումները կորպորացիայի մոդելով խթանելու համար:
Այս դիպվածական լայնամասշտաբ առաջարկները մարդկանց հավատացնում են, թե գոյություն ունի ոչ-իրավիճակային Կանանց Ազատագրական Շարժում՝ ազգային բարեփոխումների համար միաձայն աղմկող մի իսկական բանակ: Զանգվածային լրատվամիջոցները դա հավերժացրեցին: Բայց ֆեմինիստական շարժում որպես այդպիսին գոյություն չունի: Ֆեմինիստները զբաղված էին իրենց համայնքային նախագծերով, աշխատելով ընտանիքների, համայնքների, աշխատավայրերի շրջանակներում՝ կենտրոնացած իրենց համար պատկեր կամ ինքնություն կերտելու վրա: Բացի այդ, մեկ շարժման պատկերը կամ սկզբունքն անարդյունավետ է, կանանց անընդհատ ստիպելով համեմատել իրենց կյանքն այդ պատկերի հետ և հսկել ապրելակերպերն ու աշխատանքը՝ տեսնելու համար, թե արդյոք այն համապատասխանում է «ՇԱՐԺՄԱՆԸ»:
«Շարժումն» էլ իր հերթին է քննադատվում ոչ սերտ կապակցված լինելու և ծրագիր չունենալու մեջ: Այդպես էլ կա: Իմաստը հենց դրանում է: Ֆեմինիստները իրականացնում և կիրառում են փոփոխությունը բազմազանության միջոցով, որն էլ իրենց ուժն է: Այդ նույն պատճառով ֆեմինիզմը չունի առաջնորդ «լեյտենանտի» իմաստով: Առաջնորդելու կարիք չկա: Մենք հեղափոխություն չենք պլանավորում: Կանայք իրականացնում են այն ինչ կարող են, որտեղ որ կարող են: Մենք միասնական չենք, քանի որ կանայք չեն տեսնում իրենց որպես ուրիշ դասակարգի դեմ պայքարող մի դասակարգ: Մենք չենք նախատեսում մոբիլիզացնել կանանց ազատագրման բանակ տղամարդկանց բռնակալության դեմ:
Անգլերենից թարգմանել է Արփի Ադամյանը
Սկզբնաղբյուրը՝ Queering Yerevan

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...