- Ներսում դեռ խոսու՞մ են։ Չգիտեք, ե՞րբ կավարտեն։ Ես ոչինչ չեմ հասկանում։
Արմինան Օդեսայից է։ «Հանրա(պետության) մեջ և միջև» գրքի շնորհանդեսին նրան բերել է լուսանկարիչ քույրը։
- Ես չորրորդ անգամն եմ Երևանում։ Այս անգամ որոշել եմ տեսնել ձեր ուրիշ կողմերը, այլ ոչ միայն բարեկամներիս ու ռեստորանները։ Կասկադի ժամանակակից արվեստի թանգարանում էլ եմ եղել, բայց այսօրվա պես մարդկանց առաջին անգամ եմ հանդիպում։
- Ինչպիսի՞ մարդկանց։
- Չպճնված աղջիկների և ինքնավստահ կանանց, օրինակ։ Ովքե՞ր են, ճանաչո՞ւմ եք իրանց։
- «Տարօրինակելով Երևանը» արվեստագետների, գրողների, քննադատների խումբ է։ Ներկայացնում են վերջին շրջանի իրենց աշխատանքները, որոնք ամփոփվել են երկլեզու կատալոգով։ Իսկ տպագրելու հետ կապված խնդիրներ են առաջացել։ «Տիգրան Մեծ» տպարանը, օրինակ, կասեցրել է համագործակցությունը «Ծծիր պուցս» գործի իլուստրացիայի պատճառով։ Դա քաղաքի տարբեր մասերում պատկերված գրաֆիտի է, որի ֆոնին «Մայր Հայաստանն է» առանց ձեռքի թրի։
- Տեսել եմ այդ արձանը, ասում են՝ Ստալինի փոխարեն են կանգնեցրել։
- Չեն խաբել։ Իսկ տպարանում, որի ղեկավարը, ի միջի այլոց, պատգամավոր է, այդ գրաֆիտին «հայհոյանք» են համարել։ Բայց միևնույն ժամանակ նշել են, որ եթե «ծծելը» առնանդամին վերաբերվեր, ապա գիրքը լույս կտեսներ։
- Փաստորեն, ֆեմինիստներ են։
- Կարծում եմ՝ իրենք դեմ չեն լինի նման որակմանը։
- Չեմ սիրում ֆեմինիզմը։ Կամ էլ չեմ հասկանում։
- Դրանով մի քիչ նմանվում եք «դեդովշչինան» սիրող և սպայակազմի հանցագործությունները արդարացնող զինվորի։
- Իսկ դուք ո՞վ եք։
- Լրագրող եմ։
- Հարմար դիրք է։
- Կրթությամբ, երևի թե, սպա եմ, գիտակցված ընտրությամբ՝ զինվոր։ Չկարծեք, թե փորձում եմ պաշտպանել ֆեմինիստներին՝ նրանք դրա կարիքը չունեն։
- Իսկ դու՞ք ունեք։
- Ես գործում եմ հասարակական քննադատական տիրույթում, իսկ դա նշանակում է, որ ունեմ։ Հայաստանում անընդհատ խոսում են պայքարի մասին՝ իշխանության դեմ, թուրքերի դեմ, կաշառակերության դեմ, աղքատության, ռեժիմի, ռուսների, արևմուտքի, տգիտության, դավաճանների և այլն։ Խոսում են բոլորը՝ անկախ իրենց նպատակներից, եկամուտների չափից, կուսակցական պատկանելիությունից։ Ֆեմինիզմն ինձ համար այն մշակութա-քաղաքական դիտակետն է, որտեղ քննադատությունը և պայքարը օժտվում են կիրառականությամբ, արդարությամբ, ապաիերարխիկ ունիվերսալությամբ, բռնության ավանդույթի բացառմամբ, համամարդկային զարգացման տրամաբանությամբ։ Մի խոսքով՝ դա միակ բանակն է, որտեղ ես կզինվորագրվեի իմ ցանկությամբ։ Փորձեք նայել մեր իշխանությանը կամ ընդդիմադիր հարթակին, կամ նույնիսկ ուկրաինական ճգնաժամին այդ դիտակետից։
տեքստը՝ Յուրի Մ․
Աղբյուրը՝ epress.am
Comments
Post a Comment