ինձ ծեծել են ու դաժանաբար սպանել
իմ անուններից մեկն էր Զարուհի Պետրոսյան:
ես կամուրջներից նետվում եմ ցած
ամեն օր ամեն ժամ:
ես թոշակառու եմ առաստաղից կախված:
բարձրահարկ շենքի լուսամուտից նետված
գործազուրկ գիտնական եմ:
հուսահատված պատանի եմ
ժավելի սպիրտ խմած:
մարտի մեկի զոհ եմ:
տուն չվերադարձած զինվոր եմ:
տաքսու վարորդ եմ երակներս բացած:
բիզնեսմեն եմ ինքս ինձ խփած:
երթուղայինում ինֆարկտ ստացած
ավտովթարից տուժած
բուժում չստացած
հազարավոր փուչիկների պայթյունից վառված
արտագաղթելու երազանքով ապրող
անեծք ու կրակ թափող, ցավից ոռնացող
հայ եմ ես:
քայլող դիակ եմ ես
ցնորված կատաղած
ափերս սեղմած բռունցքներ դարձրած
ծեծում եմ ամեն օր օդը այս կեղտոտ:
Հեղինակ՝ Սոնա Աբգարյան
Comments
Post a Comment