Դուք
դեռ երազո՞ւմ
եք այն մասին, թե ինչպես եք հանդիպելու այն միակ մարդուն, ում հետ երկու ամիս անց
ցանկություն կունենաք մնալ հավերժ,
և միայն մահը ձեզ կբաժանի: Բայց դա արդեն միայն գաղափար է:
Անկեղծ եղեք ինքներդ ձեզ
հետ- մեր օրերում նման բան համարյա չի հանդիպում: Նույնիսկ եթե մարդիկ դեռ
հավատում են այս հնացած երազանքին, միևնույն է ամուսնալուծվում են հինգից յոթ տարի
հետո ու մնում իրենց դատարկ հույսերի հետ:
Մենք
ապրում ենք տարօրինակ ու հրաշալի մի ժամանակաշրջանում. շուրջն այնքան
հնարավորություններ կան ու այնքան քիչ արգելքներ: Սա կարելի է համարել ժամանակակից
մարդու ճգնաժամը- ոչ ոք չգիտի, ինչի վրա կանգ կառնի, և իր ցանկություններից ո՞րը
համարի ամենակարևորը։
Դեռևս
քսան տարի առաջ, գայթակղությունների թիվը շատ սահմանափակ էր: Գոյություն չուներ ազատ
հարաբերությունների մշակույթ- դա համարվում էր ծայրահեղ բան, նախատեսված բոհեմական
կյանք վարողների ու հիպպիների համար: Եթե մարդիկ հանդիպում էին, ենթադրվում էր, որ
«հարաբերությունները
շարունակվելու են»:
Իսկ դա ենթադրում էր՝ ամուսնություն, ընտանիք, երեխաներ, ամառանոց:
Հակառակ դեպքում - աղետ և «անիմստ ապրած տարիներ»:
Մինչև հիմա էլ, մենք` կրոնական գրքերից ու սիրային վեպերից անգիր արած կարծրատիպերով
պահպանողական հետերոսեքսուալներս, հաճախ չգիտես ինչու
չենք կասկածում, որ հարբերությունները կարող են զարգանալ դեպի խորքը և ոչ թե
լայնությամբ:
Եվ որքան խորը, այնքան դժվար է շնչել: Սկզբնական ուրախությունից,
հիացմունքից, սիրահարվածությունից ոչինչ չի
մնում, բացի պարտականություններից ու պահանջներից: Մենք մեզ պարտավոր ենք համարում
մեզ զսպել, սահմանափակել և մեր
ցանկությունները ենթակում ենք պարտքի վերաբերյկալ ինչ որ մռայլ պատկերացումների:
Եվ այս ամենը մենք անվանում ենք «սեր»:
Սակայն
այն կարծիքը, որ սերը դա ոչ միայն «երկրորդ կեսն է»,
այլ ընդհանուր տրամադրությունը, սերը կյանքի նկատմամբ և ցանկությունն օգտվել կյանքի
բոլոր հաճույքներից, որոնք առկա են ներկա աշխարհում, դառնում է ավելի տարածված:
Համացանցը
հեշտացրել է շփումը: Սոցիալական ցանցերը և ծանոթությունների կայքերը
հեշտացրել են կյանքը: Մենք ունենք առցանց
ընկերներ, տիրապետում ենք աշխարհի մասին ողջ ինֆորմացիային, և կարող ենք սեռական
զուգընկեր գտնել կես ժամում:
Ծանոթներիցս
մեկը ամուսնալուծվել էր: Եվ հետո հանդիպում էր մի աղջկա հետ, ում հետ ծանոթացել էր
Tinder հավելվածով:
Երկու ամիս անց, նա, որպես մի մարդ, ով դեռևս տառապում էր երկար ընտանեկան
հարաբերությունների արդյունքում, հարցրեց աղջկան, թե արդյո՞ք
նա պատրաստ է հանդիպել միայն իր հետ: Աղջիկը զարմացավ:
Եվ բացատրեց, որ տղամարդն
իրեն իհարկե շատ է դուր գալիս, բայց ինքը չի ցանկանում հրաժարվել այլ կապերից և
պատրաստ չէ մշտական և այն էլ մոնոգամ հարաբերությունների:
Կամ
օրինակ ընդունենք, որ տղամարդն ամերիկացի է, աղջիկը` գերմանացի: Եվ երկուսն էլ
հիմա Փարիզում են: Նրանք նույնպես ծանոթանում են Tinder-ով,
հանդիպում են և իրենց լավ են զգում միասին: Հետո նրանք կարող են հանդիպել ասենք
օրինակ Պոտուգալիայում:
Հասկանալի է, որ նրանք դասական առումով զույգ չեն
համարվում և հավատարիմ չեն իրար սեքսուալ առումով, սակայն չի կարելի բացառել, որ
նրանց մեջ կա կապ, եթե նրանք աշխատում են հանդիպել ժամանակ առ ժամանակ և շփվում են
համացանցում:
Հանդիպումները
շատ հաճախ անցնում են այսպես. դուք շփվում եք, և ձեզ հնարավոր է հաճելի է իրար հետ, բայց
յուրաքանչյուրի հեռախոսը ծնգում է որոշակի ժամանակը մեկ- սոցիալական ցանցերում
շփումն ընկերների հետ շարունակվում է և դուք ուրիշ մարդկանց հետ պայմանավորվում եք
նոր հանդիպումների համար:
Որոշ
ռոմանտիկների թվում է, որ հասարակությունը դարձել է ավելի պրագմատիկ: Հիմա
ընկերությունը, սեքսը, ծնող դառնալը, ապագայի պլանները-ամեն ինչ առանձին են
իրարից: Սակայն գուցե դա միակ ճանապարհն է լինել միասին` առանց ինքանսպան լինելու
ցանկության:
-
Իսկ եթե տեղի ունենա ինչ որ սարսափելի բա՞ն: Օրինակ, եթե դու
հիվանդանաս,-հարցնում է ծանոթներիցս մեկը, ում դուր չեն գալիս նոր գաղափարները:
Նա
կարծում է, որ վստահության և անդավաճանության վրա հիմնված հարաբերությունները մի հոգու
հետ, ապահովում են մարդուն դժվար ժամանակներում: Ես նրան պատմում եմ, ինչպես իմ
ընկերուհին ծանր հիվանդացավ իսկ նշանածն անմիջապես հեռացավ նրանից: Բայց մինչ այդ նրանք ունեին համատեղ պլաններ, և
արդեն նշանակել էին հարսանիքի օրը:
Մեր
աշխարհում չկա կոնկրետ ոչ մի բան՝ դա պետք է ընդունել:
Սերֆինգիստներն ունեն մի կանոն. եթե ալիքը ծածկել է քեզ, դու կարող ես միայն
թուլանալ ու սպասել, թե երբ այն քեզ դուրս կբերի: Դիմադրությունը նշանակում է
պարտություն` տարերքի հետ պայքարում: Նույն բանը տեղի է ունենում կյանքում:
Դու
պարզապես թույլ ես տալիս ընթացքին քեզ պտտեցնել, մինչև որ ամեն ինչ ինքն իրեն ձևավորվի:
Կյանքը
քաոս է, և ցանկացած կեղծ կարգ ու կանոն
բերում է միայն տխրություն ու հիասթափություն:
Այնպես որ արդեն ժամանակն է անկեղծ
ընդունել, որ չկա ոչ մի «երկրորդ կես»:
Պարզապես կան ժամանակահատվածներ, երբ մեզ որևէ մեկի հետ հաճելի է: Երկու օր: Հինգ
տարի: Երեք րոպե: Ժամանակակից կյանքը մեզ բոլոր առումներով այնքան է մոտեցրել իրար, որ միայնության խնդիրն այլևս
գոյություն չունի:
Ես
գիտեմ, որ ժամանակը կանցնի և մարդիկ կվերադառնան արժեքներին, որոնք մենք անվանում
ենք «ավանդական»:
Սակայն չի կարելի բաց թողնել հենց այս պահը, որը մեզ տալիս է հնարավորություն`
զգալ ազատության ու երջանկության բերկրանքը:
Որովհետև երջանկությունը դա մի մարդու
հետ հարաբերությունների վրա կենտրոնանալ չէ այլ զգացողություն, որ դու օգտվել ես այն բոլոր
հնարավորություններից, որ պարգևել է քեզ կյանքը:
Հեղինակ՝ Արինա Խոլինա
Աղբյուր՝ Snob.ru
Թարգմանությունը՝ Նարինե Գրիգորյան
Թարգմանված է՝ ռուսերենից
Comments
Post a Comment