Skip to main content

ՀՀ-ում հոմոֆոբիան և խտրականությունը ԼԳԲՏ անձանց նկատմամբ չափազանց վառ են արտահայտված

Հոմոֆոբիան համատարած և խորապես արմատացած երևույթ է հայ հասարակության մեջ: ԼԳԲՏ համայնքի տեսանելիությունը սահմանափակ է: Հասարակության մեջ բոլոր ոլորտներում անձինք ենթարկվում են խտրականության և մարդու իրավունքների խախտումների՝ կախված իրենց սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ԼԳԲՏ անձինք դառնում են ֆիզիկական և հոգեբանական բռնության զոհ ՀՀ Զինված ուժերում իրենց պարտքը կատարելիս: Հայաստանում բոլոր տղամարդիկ, 18-ից 27 տարեկանն ընկած ժամանակահատվածում, պարտավոր են ծառայել ՀՀ Զինված ուժերում (Աղբյուր՝ Ա. Քարոլ և Ս. Քուին, ԼԳԲՏ Անձինք Հայաստանում (ԻԼԳԱ Եվրոպա, 2009)) : 

Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներից մեկի համաձայն «Բազմաթիվ ԼԳԲՏ անձանց համար զինվորական ծառայության անցնելն ավելի վատ է, քան ազատազրկման դատապարտվելը»: Հարկ է նաև նշել, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության քարոզչությունն առավել համատարած է մեծ քաղաքներում: Հայ հասարակությունը խիստ ավանդապաշտ է և կրոնասեր: 

Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին Հայ Առաքելական եկեղեցու (այսուհետ՝ Եկեղեցի) հետևորդներ են, որը դատապարտում է նույնասեռականությունը որպես անբարոյական երևույթ: Հայաստանում ԼԳԲՏ անձանց թույլատրվում է Եկեղեցի այցելել, բայց չի թույլատրվում հաղորդություն ստանալ: Հայաստանի առաքելականեկեղեցու նստավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո խոսնակ, Տեր Վահրամ Մելիքյանը նույնասեռականությունը սահմանեց որպես «մեղք» և «բացասական երևույթ» : 

Եկեղեցին կազմակերպում է հանրային քննարկումներ մոլության թեմաներով, ներառյալ «համասեռամոլությունը» թեմայով: Այս քննարկումներն այնուհետև հեռարձակվում են ազգային հեռուստատեսությամբ: Ի հավելումն նշենք, որ Հայաստանի երկու այլ ՝ Եհովայի վկաներ և Նեոհեթանոսական շարժում կրոնական կազմակերպությունները նունպես հրապարակավ դատապարտել են հոմոսեքսուալությունն ու տրանսսեքսուալությունը: 

Հասարակությունը և ԶԼՄ-ները ապատեղեկացված են ԼԳԲՏ անձանց մասին
Չնայած Հայաստանն ապաքրեականացրել է նույնասեռականությունը դեռևս 2003 թվականին , այնուամենայնիվ, նույնասեռական անձինք դեռևս ենթարկվում են խտրական և անհանդուրժողական վերաբերմունքի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով թե´ պետական, թե´ ոչ պետական մարմինների կողմից : Հայ հասարակությունում նույնասեռական լինելը դիտվում է որպես դժբախտություն: Հանրության կողմից բացասական վերաբերմունքը, ինչպես նաև ԶԼՄ-ներում նույնասեռականության վերաբերյալ բացասական հոդվածներն էլ ավելի մեծ տարածում գտան, երբ 2008 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը հանդես եկավ սեռական կողմնորոշման հիմքով խտրականության արգելումը խրախուսող հայտարարությամբ: Այս առիթով հոգեբան Դավիթ Գալստյանը նշեց, որ «Հասարակության մեջ վախ կա նույնասեռականների նկատմամբ, մարդիկ նրանց գազաններ են համարում»: Ըստ ՓԻՆՔ-ի 2011 թվականին Երևանում, Գյումրիում և Վանաձորում անցկացրած սոցիոլոգիական հետազոտության՝ բնակչության 72.1%-ը բացասական վերաբերմունք ունի նույնասեռականների նկատմամբ: Դեռ ավելին, տրանսգենդեր անձինք չեն ընդունվում հասարակության կողմից, քանզի վերջիններս ընկալվում են որպես «կանացի հագուստ կրող նույնասեռականներ» և սեռական ծառայություն տրամադրող անձինք:

Պաշտոնյաները բացեիբաց ատելություն են տարածում
Հայաստանի պետական պաշտոնյաները նույնպես հանդես են եկել մի շարք հայտարարություններով՝ ուղղված ԼԳԲՏ համայնքի դեմ: Մասնավորապես, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ԼԳԲՏ անձինք «սպառնալիք» են հանդիսանում Հայաստանի ազգային անվտանգության համար, քանի որ նույնասեռականությունը «ծայրահեղ վտանգավոր» և «անընդունելի» երևույթ է Հայաստանի համար : Նմանատիպ հայտարարություններով հանդես եկան նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներ Կարեն Ավագյանն ու Էդուարդ Շարմազանովը. Ավագյանը նշեց. «…եթե այդ մասին իմանամ (որ անձը նույնասեռական է) այլեւս նրա հետ չեմ շփվի» , իսկ Շարմազանովը հայտարարեց, որ «…չի ընդունում … սեռական փոքրակասնություններին և կտրականապես դեմ է նրանց գոյությանը»  : Բացի դրանից, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը մի առիթով խրախուսել է մարդկանց «քարեր նետել» նույնասեռականների ուղղությամբ: Դեռ ավելին, ՀՀ Երևան քաղաքի քաղաքապետը տեղական մի լրատվամիջոցի հայտնել է, որ «մաքրելու է քաղաքը» տրանսգենդեր մարմնավաճառներից: Պետական պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները, որոնք դատապարտում են անձանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով, նպաստում են ողջ հասարակության մեջ ԼԳԲՏ անձանց դեմ նախապաշարմունքների ամրապնդմանը:

Առողջապահությունը անհասանելի է դառնում ՀՀ ԼԳԲՏ քաղաքացիների համար
Հայաստանում ԼԳԲՏ անձինք շարունակաբար ենթարկվում են խտրականության առողջապահական ծառայություններ ստանալիս: Մի շարք բժիշկներ խտրականության են ենթարկում ԼԳԲՏ անձանց՝ հրաժարվելով բժշկական ծառայություններ տրամադրել վերջիններիս իրենց փաստացի կամ հնարավոր սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով: Ուստի, համապապատասխան բժշկական ծառայություններից օգտվելու համար ԼԲԳՏ անձինք հաճախ դիմում են ԼԳԲՏ հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների կողմից իրականացվող ուղղորդման ծառայություններից: Նույնասեռական և երկսեռական տղամարդիկ կարող են նաև խտրականության ենթարկվել արյուն նվիրաբերելու ժամանակ: Արյուն նվիրաբերելու համար տղամարդ պացիենտը պետք է տեղեկացնի բժշկական ծառայություններ տրամադրող անձին, թե արդյո՞ք նա ունեցել է սեռական հարաբերություն տղամարդու հետ, ինչի դեպքում էլ նրան կարող են արգելել արյան դոնոր հանդիսանալուց: Երբ տղամարդը զորակոչվում է ՀՀ Զինված ուժեր և քննող բժիշկը որոշում է, որ նորակոչիկը նույնասեռական է, ապա այդ անձը հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից ճանաչվում է ոչ պիտանի զինվորական ծառայության համար հոգեկան խանգարում ունենալու պատճառով՝ համաձայն ՀՀ Պաշտպանության նախարարության հրամանի: Հանձնաժողովի կողմից այսպիսի պրակտիկան փաստում է Հայաստանի ողջ առողջապահական համակարգ ներթափանցած հոմոֆոբ վերաբերմունքի և դիրքորոշման մասին: 

Կրթական հիմնարկները և կրթական համակարգը ատելություն է սերմանում մատաղ սերնդի մեջ
Համաձայն ԻԼԳԱ-Եվրոպա և COC-Նիդերլանդներ կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացված ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ հատուկ փաստահավաք առաքելության՝ տարրական և միջնակարգ դպրոցները հաճախ սեռական կրթությունը չեն ներառում դպրոցական ծրագրի մեջ, քանի որ այն ուսումնական ծրագրում չներառելը դպրոցների հայեցողությունն է: Այս ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ «դեռևս վաղ տարիքից երեխաները տեղեկանում են ԼԳԲՏ անձանց վերաբերյալ տաբուի մասին»: Համաձայն տեղի ԼԳԲՏ իրավապաշտպանների զեկույցների՝ կառավարության ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագիրը դպրոցներում իրականացվում է թերի մասնագիտական պատրաստվածությամբ և ոչ կոմպետենտ մասնագետների կողմից: Դեռ ավելին, ԼԳԲՏ երիտասարդները համադասարանցիների կողմից ենթարկվում են հոգեկան և էմոցիոնալ հետապնդման (bullying), ինչպես նաև ենթարկվում են ծաղրի ուսուցիչների կողմից: Չկարողանալով ապահովել երիտասարդների շրջանում խտրականության արգելումը կախված անձի սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից, ներառյալ ֆիզիկական և հոգեբանական տեռորը ուսուցիչների և հասակակիցների կողմից ինչպես տարրական և միջնակարգ դպրոցներում, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատություններում` պետությունը չի իրականացրել իր՝ սեռով պայմանավորված խտրականության դեմ պայքարելու պարտավորությունը:
 
Աշխատանքից կարող են հեռացնել միայն այն պատճառով, որ աշխատակիցը ԼԳԲՏ համայնքի անդամ է
ԼԳԲՏ համայնքը սեռական կողմնորոշման հիմքով խտրականության է ենթարկվում նաև զբաղվածության ոլորտում : Ինչպես նշում են ԼԳԲՏ ակտիվիստները, եթե գործատուն իմանում է իր աշխատակցի նույնասեռական լինելու մասին, նա կարող է հեռացնել այդ անձին աշխատանքից՝ վկայակոչելով լիովին այլ հանգամանքներ, քան սեռական կողմնորոշումն է: Գործատուները մշտապես հեռացնում են աշխատանքից կարճաժամկետ աշխատանքային պայմանագրով աշխատող ԼԳԲՏ անձանց, ինչն էլ որպես արդարացնող հանգամանք են օգտագործում վերջիններիս աշխատանքի նորից չընդունելու համար: Աշխատանքից հեռացվելուց հետո ԼԳԲՏ անձինք պետք է աշխատանք փնտրեն այլ ոլորտում, որտեղ վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ ավելի բարյացակամ է, ներառյալ սննդի սպասարկման, վարսահարդարման, ծաղկի դիզայնի և սեռական ծառայությունների տրամադրման ոլորտում, որոնք սակայն այնքան էլ հեշտ հասանելի չեն:

Բնակարանային խտրականություն
Հայաստանում ԼԳԲՏ համայնքը շարունակում է ապրել «անհանդուրժողականության մթնոլորտում» և ենթարկվում է խտրականության իր բնակավայրում: Ընտանիքի և ընկերների կողմից մերժված լինելու պատճառով ԼԳԲՏ անձինք հեռանում են փոքր քաղաքներից և գյուղերից, որտեղ խտրականությունը տարածվում է տեղի ողջ հասարակությունում և տանտերերը հաճախ մերժում են տրամադրել իրենց բնակարանները ԼԳԲՏ վարձակալներին: 

Ֆիզիկական բռնություններ և որակումը որպես հոգեկան հիվանդություն, զինծառայություն
Նույնասեռական և երկսեռական տղամարդիկ խոշտանգումների զոհ կարող են դառնալ հատկապես զինված ուժերում իրենց պարտքը կատարելիս: Բացահայտ նույնասեռական տղամարդիկ զինված ուժերում հաճախ են ենթարկվում ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, այդ թվում նաև սեռական ոտնձգությունների, իսկ երբեմն էլ համարվում են զինվորական ծառայության համար ոչ պիտանի «համասեռամոլություն» ունենալու պատճառով: 

Մի շարք աշխատություններ վկայում են, որ ԼԳԲՏ անձինք, այդ թվում և երիտասարդները, ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների ենթարկվելիս ինքնասպանություն գործելու ռիսկային գոտում են գտնվում: Բազմաթիվ աղբյուրների համաձայն՝ զորակոչային հանձնաժողովը չի ցանկանում ԼԳԲՏ անձանց ներգրավել բանակում, իսկ այն դեպքերում, երբ զինծառայողը ակնհայտ նույնասեռական է լինում, վերջինս ուղղորդվում է հոգեբուժական հիվանդանոց հոգեբանական գնահատում ստանալու համար: Նորակոչիկներին բազմաթիվ գնահատումների և թեստավորումների են ենթարկում պարզելու համար, թե արդյո՞ք նույնասեռական են, թե ոչ, ինչից հետո նրանց տրվում է հոգեկան շեղում ունենալու մասին վկայական, ինչի արդյունքում էլ վերջիններս ազատվում են զինվորական ծառայությունից: 

Համաձայն ՀՀ Պաշտպանության նախարարության թիվ 378 հրամանի՝ նույնասեռականությունը համարվում է հիվանդություն, ուստի նույնասեռական անձինք ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Բացի դրանից` ՀՀ Պաշտպանության նախարարությունն այն կարծիքին է, որ նույնասեռական տղամարդիկ կարող են վատ վերաբերմունքի արժանանալ մյուս զինծառայողների կողմից: Համաձայն մի դեպքի, հայկական բանակում ծառայող մի զինվորի ախտորոշվել է «համասեռամոլություն» հիվանդությունը և վերջինիս հոսպիտալացրել են:

Եթե նույնասեռական կամ երկսեռական անձը շարունակում է ծառայությունը բանակում, ապա վերջինս մեկուսացվում և հոգեբանական ճնշումների է ենթարկվում, այդ թվում և հետապնդվում ու ահաբեկվում է թե´ այլ զինծառայողների և թե´ հրամանատարների կողմից: 

Նույնասեռական զինծառայողները մշտապես ենթարկվում են ստորացման այնպիսի գործողությունների արդունքում, ինչպիսիք են զինծառայողին կոտրված ափսեով առանձին կերակուր տալը, ստիպելը կատարելու ամենակեղտոտ հանձնարարություններ՝ զուգարան մաքրելը (հաճախ ատամի անձնական խոզանակով), ամենահեռավոր կամ ամենավատ պայմաններն ունեցող զորանոցներում ծառայելը : 

Նույնասեռական և երկսեռական զինծառայողների վիճակն էլ ավելի անտանելի է դառնում, երբ վերջիններս գտնվում են Լեռնային Ղարաբաղի զորամասերում: Մինչ զինծառայողները տեղավորվում են ադրբեջանցիների կողմից լքված տներում, նույնասեռական անձինք ստիպված են լինում բնակեցնել տարածքի ամենածայրամասային հատվածները: 

Ազատազրկման վայրերը ամենադժվար վայրերն են գոյատևման համար
Իրավիճակն ազատազրկման վայրերում նույնն է, ինչ զինված ուժերում՝ լի ֆիզիկական և հոգեբանական բռնություններով: Շատ դեպքերում նույնասեռական և երկսեռական բանտարկյալները ազատազրկման դատապարտված այլ անձանց կողմից դիտվում են որպես սեռական կիրքը բավարարող օբյեկտներ և հաճախ սեռական բռնության են ենթարկվում վերջիններիս կողմից: Անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ բռնաբարությունը Կոմիտեի կողմից սահմանվել է որպես խոշտանգում: 

Բացի դրանից, Հայաստանի ազատազրկման վայրերը գերբնակեցված են  , քաոսային, իսկ ամենադաժան վայրերը նախատեսված են ԼԳԲՏ անձանց համար: ԼԳԲՏ բանտարկյալներին ենթարկում են ամենանվաստացուցիչ խտրականության՝ «ստիպելով կատարել նվաստացուցիչ աշխատանքներ»և առանձնացնելով մյուս բանտարկյալներից: 

ԼԳԲՏ անձինք մյուս կալանավորների կողմից ենթարկվում են հոգեբանական, ֆիզիկական և սեռական բնույթի բռնությունների, որը չի կանխվում հսկիչների կողմից, իսկ մեղավորների համար համապատասխան պատիժ չի սահմանվում: 

Դեռ ավելին, հսկիչները կարող են արգելել ՄԻԱՎ ունեցող կալանավորներին ստանալու անհրաժեշտ բուժօգնութունը: Թե´ զինված ուժերում և թե´ կալանավայրերում ոճրագործները կարող են լինել պաշտոնյաները, իրենց հավասարակիցները, ինչպես նաև անազատության մեջ գտնվող անձինք:

Այս հոդվածում տեղ են գտել լայնածավալ հատվածներ՝ Լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց իրավունքների ոտնահարումները Հայաստանում. այլընտրանքային զեկույցից, որին կարող եք ամբողջովին ծանոթանալ սեղմելով՝ այստեղ



Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ...

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և...