Պարզ ասած ֆեմինիզմը սեքսիզմին վերջ տալուն ուղղված շարժում է: Ֆեմինիզմի այս սահմանումն առաջարկել եմ ավելի քան տաս տարի առաջ իմ «Ֆեմինիստական տեսություն. Եզրերից դեպի կենտրոն» գրքում: Այդ ժամանակ հուսով էի, որ այն կդառնար բոլորի կողմից գործածվող ընդհանուր սահմանում: Այդ սահմանումն ինձ դուր էր գալիս, քանի որ այն չէր ենթադրում, թե թշնամիները տղամարդիկ էին: Անվանելով սեքսիզմը որպես հիմնախնդիր այն անմիջականորեն մոտենում էր հարցի բուն էությանը: Իրականում դա մի սահմանում է, որը ենթադրում է, որ խնդիրը ցանկացած սեքսիստական մտածողության կամ գործողության մեջ է՝ անկախ նրանից, թե դա հավերժացնողը կին է, թե տղամարդ, երեխա, թե մեծահասակ: Այն նաև բավականաչափ բազմիմաստ ու լայն հասկացություն է, որ ներառում է սիստեմատիկ ինստիտուցիոնալացված սեքսիզմի ընկալումը: Որպես սահմանում այն ոչավարտուն է ու բացիմաստ: Այն ակնարկում է, որ Ֆեմինիզմի ընկալումն անհրաժեշտաբար ենթադրում է սեքսիզմի ընկալում:
Ինչպես ֆեմինիստական քաղաքականության բոլոր կողմնակիցները գիտեն մարդկանց մեծամասնությունը չի հասկանում սեքսիզմը, իսկ հասկանալու դեպքում էլ դա խնդիր չի համարում: Մարդկանց լայն զանգվածներ կարծում են, թե ֆեմինիզմը միշտ և միայն վերաբերում է կանանց, ովքեր հավասարություն են ուզում տղամարդկանց հետ, և որ այն տղամարդկանց դեմ ուղղված շարժում է: Ֆեմինիստական քաղաքականության սխալ ընկալումը արտացոլում է այն իրականությունը, որ մարդկանց մեծամասնությունը ֆեմինիզմի մասին տեղեկանում են հայրիշխանական զանգվածային լրատվամիջոցներից: Ֆեմինիզմը, որի մասին նրանք լսում են, հիմնականում ներկայացվում է այն կանանց միջոցով, ովքեր գլխավորապես նվիրված են գենդերային հավասարության խնդրին՝ հավասար վարձատրություն հավասար աշխատանքի դիմաց և երբեմն էլ տնային տնտեսվարման և երեխաների դաստիարակության խնդիրների կիսում կանանց և տղամարդկանց միջև, ու նրանք տեսնում են, որ այդ ֆեմինիստները սովորաբար սպիտակամորթ արտոնյալ կանայք են: Նրանք գիտեն զանգվածային լրատվամիջոցներից, որ կանանց ազատականացումը կենտրոնացած է աբորտ իրականացնելու, միասեռական լինելու իրավունքի, բռնաբարության և ընտանեկան բռնությանը մարտահրավեր նետելու հիմնահարցերի վրա: Այս խնդիրների շարքից մարդկանց լայն զանգվածների կողմից մասնավորապես հավանության է արժանանում աշխատավայրում գենդերային հավասարության գաղափարը` հավասար վարձատրություն հավասար աշխատանքի դիմաց:
Քանի որ մեր հասարակությունը շարունակում է մնալ գլխավորապես «քրիստոնեական» մշակույթ, մարդկանց մեծամասնությունը հավատում է, թե աստված կանխորոշել է, որ կանայք պետք է ենթարկվեն տղամարդկանց ընտանեկան հարցերում: Հակառակ որ կանանց լայն զանգվածներ համալրել են աշխատավորների շարքերը, հակառակ որ շատ ընտանիքներ ղեկավարվում են կանանց կողմից, ովքեր ընտանիքի միակ հաց վաստակողներն են, ազգի երևակայության մեջ ընտանեկան կյանքի գերիշխող աշխարհայացքում տղամարդկանց իշխանությունն անձեռնմխելի է՝ անկախ նրանից տանը տղամարդ կա, թե ոչ: Ֆեմինիստական շարժման թյուր աշխարհայացքը, որ նշանում էր թե այն հակատղամարդկային է, իր հետ կրում էր այն թյուր ենթադրությունը, թե ողջ կանացի տարածքը անհրաժեշտաբար պիտի լինի մի միջավայր, որտեղ հայրիշխանությունը և սեքսիստական մտածողությունը կբացակայեն: Շատ կանայք, նույնիսկ ֆեմինիստական քաղաքականության մասնակիցները նույնպես հակված էին հավատալ դրան:
Վաղ ֆեմինիստ ակտիվիստների մեջ, ովքեր տղամարդկանց գերիշխանությանը զայրույթով էին արձագանքում, իրավամբ կար հակատղամարդկային տրամադրվածություն: Անարդարության հանդեպ այդ զայրույթն էր, որ կանանց ազատագրական շարժման ստեղծման խթան հանդիսացավ: Վաղ շրջանում ֆեմինիստ ակտիվիստները (որոնց մեծամասնությունը սպիտակամորթ էր) սկսեցին գիտակցել տղամարդկային իշխանության բնույթը, երբ աշխատում էին հակադասակարգային և հակառասիստական միջավայրերում տղամարդկանց հետ, ովքեր աշխարհով մեկ հայտարարում էին ազատության կարևորության մասին, մինչդեռ իրենց շարքերում կանանց ենթարկում ստորակարգման: Անկախ նրանից, թե դա հանուն սոցիալիզմի աշխատող սպիտակամորթ կանայք էին, քաղաքացիական իրավունքների և սևամորթների ազատագրման համար պայքարող սևամորթ կանայք, թե տեղական իրավունքների համար պայքարող տեղաբնակ հնդկացի ամերիկացի կանայք, պարզ էր, որ տղամարդիկ ցանկանում էին առաջնորդել և ուզում էին, որ կանայք իրենց հետևեն: Այս ռադիկալ ազատագրական պայքարներին մասնակցությունը առաջադեմ կանանց մեջ արթնացրեց ապստամբության և դիմադրության ոգին, տանելով նրանց դեպի ժամանակակից կանանց ազատագրմանը:
Երբ ժամանակակից ֆեմինիզմի զարգացմանը զուգահեռ կանայք գիտակցեցին, որ տղամարդկանց խումբը մեր հասարակության մեջ միակը չէր, որ աջակցում էր սեքսիստ մտածողությանն ու վարքագծին, որ կանայք նույնպես կարող էին լինել սեքսիստ, հակատղամարդկային զգացմունքներն այլևս դադարեցին գերիշխել շարժման գիտակցության մեջ: Ֆոկուսը տեղաշարժվեց գենդերային արդարության ստեղծման լայնածավալ ջանքերին: Բայց կանայք չէին կարող միավորվել ֆեմինիզմը առաջ տանելու համար առանց մեր սեքսիստական մտածողությանը հակադրվելու: Քույրությունը չէր կարող հզոր լինել, երբ կանայք մրցակցային պատերազմի էին դուրս եկել միմյանց դեմ: Քույրության ուտոպիական աշխարհացքը՝ հիմնված միայն այն իրականության գիտակցման վրա, որ բոլոր կանայք այս կամ այն կերպ տղամարդկանց իշխանության պատճառով զոհի դերում էին հայտնվել, ընդհատվում էր դասակարգի ու ռասայի մասին քննարկումներով: Դասակարգային տարբերությունների վերաբերյալ քննարկումները սկսվեցին ժամանակակից ֆեմինիզմի վաղ շրջաններում՝ նախորդելով ռասայական քննարկումներին: 1970-ականների կեսերին Diana Press-ը իր «Դասակարգ և ֆեմինիզմ» վերնագրով էսսեների ժողովածույում հրատարակեց կանանց դասակարգային տարանջատումների մասին հեղափոխական տեսակետներ: Այդ քննարկումները չէին արժեզրկում ֆեմինիստական պնդումը, թե «քույրությունը հզոր է». դրանք պարզապես շեշտում էին, որ մենք կարող ենք դառնալ քույրեր միայն պայքարում՝ դիմադրելով այն ձևերին, որոնցով կանայք դասակարգային ու ռասայական տարբերությունների շնորհիվ իշխում և շահագործում էին այլ կանանց, և ստեղծելով քաղաքական հիմք` այդ տարբերություններին անդրադառնալու համար:
Թեև որոշ սևամորթ կանայք ակտիվորեն մասնակցել էին ժամանակակից ֆեմինիզմի շարժմանն ամենասկզբից, նրանք այն անհատները չէին, որ դարձան շարժման «աստղերը», կամ որ գրավեցին զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը: Հաճախ ֆեմինիստական շարժման մեջ ակտիվ սևամորթ կանայք (շատ սպիտակամորթ միասեռական կանանց պես) հեղափոխական ֆեմինիստներ էին: Նրանք արդեն հակասության մեջ էին ռեֆորմիստ ֆեմինիստների հետ, ովքեր վճռականորեն ուզում էին արտացոլել, որ շարժման աշխարհայացքը միայն գոյություն ունեցող համակարգի շրջանակներում կանանց՝ տղամարդկանց հետ հավասարության ձեռք բերումն է: Նույնիսկ նախքան ռասան դարձավ ֆեմինիստական շրջաններում հաճախակի քննարկվող խնդիր, սև կանանց և նրանց պայքարող հեղափոխական համախոհներին պարզ էր, որ իրենք երբեք չեն հասնի հավասարության առկա տիրապետող սպիտակամետ, կապիտալիստական հայրիշխանության պայմաններում:
Ֆեմինիստական շարժումն իր ձևավորման առաջին օրվանից բևեռացված էր: Ռեֆորմիստ մտածողներն ընտրեցին գենդերային հավասարության շեշտադրումը: Հեղափոխական մտավորականները չէին ցանկանում պարզապես փոփոխել գոյություն ունեցող համակարգն այնպես, որ կանայք ունենային ավելի շատ իրավունքներ. մենք ուզում էինք վերափոխել համակարգը, վերջ տալ հայրիշխանությանն ու սեքսիզմին: Քանի որ հայրիշխանական լրատվամիջոցները հետքրքրված չէին ավելի հեղափոխական աշխարհայացքային կոնցեպցիայով, այն երբեք ուշադրության չարժանացավ հիմնական մամուլում: «Կանանց ազատագրման» աշխարհայացքը, որ գրավեց հասարակության ուշադրությունը և դեռ պահում է այն, ներկայացնում է, թե կանայք ուզում են այն, ինչ տղամարդիկ ունեն: Եվ սա այն աշխարհայացքն էր, որն ավելի հեշտ էր իրագործել: Մեր ազգային տնտեսության փոփոխությունները, տնտեսական ճգնաժամը, աշխատատեղերի կրճատումը և այլն պատրաստեցին հող մեր ազգի քաղաքացիների համար՝ ընդունելու աշխատուժի հարցում գենդերային հավասարության գաղափարը:
Ռասիստական իրականության պայմաններում հասկանալի է, որ սպիտակ տղամարդիկ ավելի նախընտրում էին քննարկել կանանց իրավունքները, քանի որ այդ իրավունքների շնորհումը կարող էր ծառայել սպիտակների գերազանցության շահերին: Երբեք չենք կարող մոռանալ, որ սպիտակ կանայք սկսեցին պաշտպանել անկախության իրենց կարիքը քաղաքացիական իրավունքների շարժումից անմիջապես հետո՝ հենց այն պահին, երբ ռասայական խտրականությանը վերջ էր դրվում և սևամորթները, հատկապես սև տղամարդիկ կարող էին հասնել հավասարության աշխատուժի մեջ: Ռեֆորմիստ ֆեմինիստական մտածողությունը կենտրոնանալով ի սկզբանե տղամարդկանց հետ աշխատուժի մեջ հավասարության խնդրի վրա ստվեր գցեց ժամանակակից ֆեմինիզմի սկզբնական ռադիկալ հիմքերի վրա, որը ծնեց ռեֆորմի, ինչպես և հասարակության ընդհանուր վերակառուցման անհրաժեշտություն, որպեսզի մեր ազգը դառնար արմատականորեն հակասեքսիստ:
Կանանց մեծամասնությունը, հատկապես սպիտակ կանայք, դադարեցին հեղափոխական ֆեմինիստական աշխարհայացքները նույնիսկ նկատի ունենալուց, երբ ձեռք բերեցին տնտեսական իշխանություն սոցիալական համակարգի շրջանակներում: Իրոնիան կայանում է նրանում, որ հեղափոխական ֆեմինիստ մտածողությունը ամենաշատն ընդունված էր և օգտագործվում էր ակադեմիական շրջանակներում: Այդ խմբերում հեղափոխական ֆեմինիստական տեսությունն առաջադիմեց, բայց այդ տեսությունը հասարակության համար անհասանելի էր: Այն դարձավ և շարունակում է մնալ արտոնյալ դիսկուրս՝ հասանելի մեզնից միայն նրանց, ովքեր կրթվածության բարձր մակարդակ ունեն և սովորաբար նյութապես արտոնյալ են: «Ֆեմինիստական տեսություն. Եզրերից դեպի կենտրոն»-ի նման աշխատությունները, որոնք առաջարկում են ֆեմինիստական վերափոխության ազատագրական աշխարհայացք, երբեք չեն ստանում զանգվածային ուշադրություն: Մարդկանց մեծամասնությունը չգիտի այս գրքի մասին: Նրանք չեն մերժել դրա հղումը, նրանք պարզապես չգիտեն, թե ինչում է այն կայանում:
Եվ եթե տիրապետող սպիտակամետ, կապիտալիստական հայրիշխանության շահերից էր բխում ճնշել հեռատեսային ֆեմինիստական մտածողությունը, որ ոչ հակատղամարդկային էր, ու ոչ էլ կապված կանանց` տղամարդկանց պես լինելու իրավունքի ձեռքբերման հետ, ապա տարօրինակն այն էր, որ ռեֆորմիստ ֆեմինիստները նույնպես ցանկանում էին լռության մատնել այս մտածողությունը: Ռեֆորմիստական ֆեմինիզմը դարձավ նրանց դասակարգային շարժունության ճանապարհը: Աշխատանքի միջոցով նրանք կարող էին ազատվել տղամարդկանց իշխանությունից և լինել ավելի ինքնավար իրենց ապրելակերպերում: Քանի դեռ սեքսիզմը չէր ավարտվել, նրանք կարող էին մաքսիմալացնել իրենց ազատությունը առկա համակարգի շրջանակներում: Ու կարող էին իրենց հույսը դնել շահագործված, ցածր դասակարգի կանանց վրա, ովքեր կկատարեին այն կեղտոտ աշխատանքը, որ իրենք հրաժարվում էին անել: Գաղտնի դավադրության մեջ մտնելով և ընդունելով աշխատող դասակարգի և աղքատ կանանց ենթակայացումը՝ նրանք ոչ միայն դառնում են գոյություն ունեցող հայրիշխանության և դրա պարտադրող սեքսիզմի համախոհները, այլև իրենց թույլ են տալիս վարելու երկակի կյանք. մեկը՝ աշխատավայրում, որտեղ տղամարդկանց հավասարներն են, մյուսը` տանը, որտեղ ցանկանում են լինել հավասար: Եթե նրանք նախընտրում են միասեռականությունը, ապա ունեն աշխատավայրում տղամարդկանց հետ հավասարության առավելությունը, մինչդեռ գործածելով դասակարգային իշխանությունը ստեղծում են ընտանեկան ապրելակերպ, որտեղ ունեն տղամարդկանց հետ հազվադեպ կամ ընդհանրապես չշփվելու հնարավորությունը:
«Ապրելակերպային» ֆեմինիզմն իր հետ բերեց այն հասկացությանը, որ կարող են լինել ֆեմինիզմի այնքան տարբերակներ, որքան կանայք: Քաղաքականությունը դանդաղորեն հեռացվեց ֆեմինիզմից և հաղթեց այն ենթադրությունը, որ անկախ կնոջ քաղաքական հայացքներից, լինի նա պահպանողական թե լիբերալ, նա նույնպես կարող է իր ապրելակերպում ներառել ֆեմինիզմի մի տարբերակ: Ակնհայտորեն այս տիպի մտածողությունը ֆեմինիզմն ավելի ընդունելի է դարձրել, որովհետև դրա հիմնարար ենթադրությունն այն է, որ կանայք կարող են լինել ֆեմինիստ առանց հիմնորեն մարտահրավեր նետելու և փոփոխելու իրենք իրենց կամ մշակույթը: Օրինակ վերցնենք աբորտի հիմնահարցը: Եթե ֆեմինիզմը սեքսիստական ճնշմանը վերջ դնելու շարժում է, իսկ կանանց վերարտադրողական իրավունքներից զրկելը սեքսիստական ճնշման մի տեսակ է, ապա մեկը չի կարող լինել դեմ աբորտի իրականացման օրինականացմանը և միաժամանակ ֆեմինիստ: Որևէ կին կարող է պնդել, որ ինքը երբեք աբորտի չէր դիմի, մինչդեռ հաստատելով իր աջակցությունը կանանց ընտրության իրավունքի ունենալուն և ֆեմինիստական քաղաքականության կողմնակից լինելուն: Նա չի կարող լինել դեմ աբորտին և լինել ֆեմինիստ: Զուգահեռաբար չի կարող լինել «իշխող ֆեմինիզմ» (power feminism), եթե ծագող իշխանությունը ձեռք է բերվում այլոց շահագործման և ճնշման միջոցով:
Ֆեմինիստական քաղաքականությունը կորցնում է իր շարժման թափը, որովհետև ֆեմինիստական շարժումը կորցրել է իր հստակ սահմանումները: Բայց մենք ունենք այդ սահմանումները: Եկեք վերականգնենք դրանք: Եկեք կիսվենք դրանցով: Եկեք նորից սկսենք: Եկեք ստեղծենք շապիկներ, մեքենայի պիտակներ, բացիկներ, հիփ-հոփ երաժշտություն, հեռուստատեսային և ռադիո գովազդներ, գովազդներ ամենուր և աֆիշներ և հրատարակվող ցանկացած տիպի նյութեր, որ կարող են պատմել աշխարհին ֆեմինիզմի մասին: Մենք կարող ենք տարածել այս պարզ, սակայն հզոր հաղորդագրությունը, որ ֆեմինիզմը սեքսիստական ճնշումներին վերջ տալու շարժում է: Եկեք սկսենք այդ տեղից: Թող շարժումը սկսվի նորից:
--
bell hooks, “Feminist Politics: Where We Stand.” First chapter in Feminism Is For Everybody. South End Press, 2000.
[Անգլերենից թարգմանեց Լիլիա Խաչատրյանը]
source:queering erevan
Comments
Post a Comment