Skip to main content

Ազգ, գենդեր, դասակարգ. Վարդան Ջալոյան

"ես տղամարդ եմ, քանզի ինձ կարող եմ թույլ տալ ունենալ կանանց, այսինքն` սեփականել նրանց..."

Ժամանակակից գիտությունը, եթե վերացարկվենք նյուանսներից, ազգայինը սահմանում է իբրեւ այնպիսի սոցիալական շարժում, որն իրեն գիտակցում է որպես այդպիսին` ազգային, մասնավորապես որպես երեւակայական ընդհանուր պատմություն, երեւակայական ընդհանուր ծագում, մշակույթ, երեւակայական ընդհանուր լեզու, որպես ազգային հալածանքի սուբյեկտ եւ այլն:



Ժամանակակից ազգայնականության հիմնական հղացքը ինքնատիպությունն է: Այդպիսին է նաեւ արդի հայ ազգայնականությունը:

Խրուշչովյան դարաշրջանում ձեւավորված եւ բրեժնեւյան պահպանողական-ավտորիտար իշխանության տարիներին ավարտուն տեսքի բերված ազգայնականության այս տեսակի համար մեծ նշանակություն ունեցան Ուրարտուի մասին վեճերը, ապա շումերական մշակույթի արականության հետ ունեցած առնչությունները, եւ մյուս կողմից Եղեռնի ու պահանջատիրության վերարծարծումը:

 Կարեւորվեց լեզվի խնդիրը, մասնավորապես լեզվական պուրիզմը: Կարեւորվեց բնիկության գաղափարը, մերժվեց հայ ժողովրդի փռյուգիական ծագման վարկածը: Եթե կուզեք, դա անցում էր ազգային ինքնության էլիտար մոդելից, քանզի գրավոր պատմությունը գրում են էլիտայի ներկայացուցիչները, դեպի էգալիտար մոդելը: Այս անցումը բացատրելու համար ես առաջարկում եմ հետեւյալ վարկածը: Սկսած 1950-ականներից Հայաստանում սկսում է ձեւավորվել զանգվածային հասարակությունը, որի մտավոր առաջնորդները դարձան Պ. Սեւակը եւ Հ. Շիրազը ու նրանց կրնկակոխ հետեւող Ս. Կապուտիկյանը: 

Իրականում, եթե փաստերը ճշգրիտ ներկայացնենք, ապա ազգայնականության համար կարեւոր մի շարք գաղափարներ առաջարկել է Ս. Կապուտիկյանը, իսկ Պ. Սեւակը հաճախ եղել է իր ուսուցչուհուն գերազանցող էպիգոնը: 

Հայ ազգայնականության վերազարթոնքը, որն իրեն բացահայտեց 50-ականների վերջին եւ 60-ականների սկզբին, միանգամից լայն ճակատ ունեցավ, ուր բացի մտավորականներից` հիմնականում գրողներ եւ պատմաբաններ, իրենց մասնակցությունը բերեցին նաեւ մի շարք նոմենկլատուրային գործիչներ: Այդ շարժումն ունեցավ իր լեգալ եւ անլեգալ թեւերը:



Լեգալ շարժումների անառարկելի հեղինակություններ էին Պ. Սեւակը եւ Հ. Շիրազը: Բացահայտորեն կարելի է նկատել "աշխատանքի բաժանում": Պ. Սեւակի հայրենասիրական բանաստեղծությունները արտասանվում էին քաղաքային մշակույթի տներում, իսկ Շիրազինը` գյուղական: Այդ նոր` իրեն որպես ազգային մտավորականություն սահմանած խումբը իրագործում էր իր հսկողությունը կյանքի բոլոր կողմերի նկատմամբ, այսինքն` բարոյախոսական էր, ավելին, այն այնքան ուժեղ էր, որ ուներ սեփական ցենզուրան, հիշենք Գ. Մահարու դեպքը:

Մշակույթը այսպիսով դարձավ պլացդարմ ազգայնականության զարգացման համար, ըստ խորհրդային, ստալինյան տարիներին մշակված գաղափարախոսության "ազգային մշակույթ" հասկացությունը գոյության իրավունք ուներ:

 Ազգայնականների "ազգայնականացման" ծրագրում էական դեր էին խաղում հանրամատչելի պատմական գրականությունը, պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, հնագիտական արշավախմբերը եւ այլն: Ազգայնականությունը որպես գաղափարախոսություն մրցակցում էր խորհրդային գաղափարախոսության հետ` չվախենալով մտնել բացահայտ կոնֆլիկտի մեջ: 

Օրինակ կարող են ծառայել Հայ ժողովրդի ծագման երկու վարկածները, որոնցից մեկը նշանակված էր որպես "սովետական", մյուսը` "ճշմարիտ", այսինքն` ազգային: Գնալով նման ընդհարումներում ազգայնականությունը հանրությանը փորձում էր ցույց տալ "ազգի ճնշված լինելը", ի վերջո ազգային գաղափարախոսության առավելությունը կոմունիստական ինտերնացիոնալի գաղափարների նկատմամբ: Այդ տարիներին, օրինակ, հրատարակվում են Ռ. Իշխանյանի Պատկերազարդ պատմությունը, բազմաթիվ շքեղատիպ գրքեր Հայաստանի, Ղարաբաղի, Նախիջեւանի պատմական հուշարձանների մասին, ինչը պետք է հասկանալ "ազգային արժեքներին" շուկայական փաթեթավորում տալու հայտ: Ես չեմ վիճարկում "հայ ժողովրդի ճնշված լինելու" վարկածը: 

Խոսքը գնում է այն մասին, որ ազգայնականությունը Խորհրդային Միությունում միակ ոչ-սովետական կազմակերպչական ձեւն էր, որը ինստիտուցիոնալ բնույթ ուներ: Եթե հիշում եք, ազգայնականների պայքարը բրեժնեւյան տարիներին ավելի շուտ կրում էր պրիվիլեգիաների համար պայքարի բնույթ: Այսինքն` այն պայքար էր ռեսուրսներ ձեռք բերելու եւ այն բաշխելու համար:

Ինչպես նշում է բելոռուսական հետազոտող Ելենա Գապովան, ազգայնականների "պայքարը" սովետական իշխանության հետ իրապես դասակարգային բնույթ ուներ: Նա օգտվում էր ֆինն հետազոտող Տիիմո Պիիրանենի սահմանումից: 

Ըստ նրա, դասակարգային շերտավորումը տեղի է ունենում, երբ "բնակչության տարբեր խմբերի հնարավորությունները արդյունքի բաշխման խնդրում անհավասարաչափ են, ինչը հանդիսանում է շուկայում տարբեր իշխանություն ունեցող տնտեսական գործակալների կոլեկտիվ գործունեության արդյունք": Այս սահմանումը չի համընկնում դասակարգի` որպես "արտադրության միջոցների սեփականատեր" մարքսիստական սահմանմանը: Եթե չպաշտպանենք այս վարկածը, ապա անհասկանալի է դառնում ազգայնականների սանիկների` երկրապահների վերածվելը իշխող դասակարգի:

Ազգը սիմվոլիկ է, եւ զանազան սոցիալական շարժումները, որոնք կարող են ունենալ տարբեր նպատակներ, կարող են օգտագործել ազգայինը որպես լեգիտիմացնող գործոն, տվյալ դեպքում լեգիտիմացնելու "նոր հայերի", որոնց կորիզը երկրապահներն են, կուտակած կապիտալը: Կապիտալիզմի ծնունդը խորհրդային հասարակության ներսում ուղեկցվում էր պատրիարքալության աճով: Եթե համեմատենք Պ. Սեւակի եւ Հ. Շիրազի գենդերային իդեալները սովետական իդեալների հետ, ապա կտեսնենք, որ "սովետական" - "ազգային" մրցակցությունը տեղի էր ունենում նաեւ գենդերային ոլորտում: 

Խորհրդային Միության բոլշեւիկյան հիմնադիրների մեջ ֆեմինիստները` Ա. Կոլոնտայը, Կլարա Ցետկինը, Ինեսա Արմանդը եւ այլն, մեծ կշիռ ունեին, եւ հեղափոխության առաջնորդները` Վ. Լենինը եւ Լ. Տրոցկին, հիմնականում աջակցում էին նրանց գաղափարների իրագործմանը: Ստալինիզմը ավելի պատրիարքալ էր. մասնավորապես, բոլշեւիկյան ընտանեկան կոդեքսում մտցվեցին մի շարք փոփոխություններ, որոնք կրկին սահմանափակում էին կանանց իրավունքները:


Հայաստանում, ինչպես ողջ Խորհրդային Միությունում, պատրիարքալացման պատճառներից էին նոր կադրերը: Մասնավորապես, Հայաստանի Գրողների Միության անդամների կեսը, հիմնականում մտավորական կամ կիսամտավորական ծագումի, ստալինյան ռեպրեսիայի տարիներին հալածվեցին, որոնց տեղը լրացվեց աշուղներով եւ գյուղական դիլետանտներով:

Պատրիարքալացման մյուս պատճառներից մեկը Երեւանի սոցիալ-դեմոգրաֆիական կառուցվածքի փոփոխությունն էր: 1939թ. համեմատ Երեւանի բնակչությունը 1959թ. աճեց 2,41 անգամ, իսկ 1970թ. 3,75 անգամ: Բնակչության աճի հիմնական աղբյուրը միգրացիան էր` գյուղերից, Հայաստանի եւ ԽՍՀՄ այլ քաղաքներից (Թբիլիսի, Բաքու, Կիրովաբադ եւ այլն), ինչպես նաեւ սփյուռքահայերը: Այդ խմբերը տարբեր վերաբերմունք ունեին պատրիարքալության հանդեպ: 

Ֆիզիկական աշխատանքով զբաղվող գյուղական երիտասարդ միգրանտների 53% կարծում էր, որ ամուսնության դեպքում ծնողների համաձայնությունն անհրաժեշտ է, նման կարծիք ունեին ռեպատրիանտների 71%-ը, հայաստանցի քաղաքային ծագում ունեցողների միայն 28 %-ը, իսկ ԽՍՀՄ քաղաքների նախկին բնակիչների` 14%-ը: Մտավոր աշխատանքով զբաղվողների մեջ այդ թվերը համապատասխանորեն կազմում էին` 28, 53, 28 եւ 23 %: Այդ տարիներին իջավ նաեւ աղջիկների ամուսնության տարիքը*:
________________________
* Ըստ՝ Ходжабекян В. Е. и др, Демографические проблемы и воспризодство трудовых ресурсов, Ер., 1983 г.


Գյուղաբնակները եւ ռեպատրիանտները բերում էին պրիմիտիվ ազգայնականություն եւ այդ ազգային իդեալներին համապատասխան գենդեր:

Ըստ Ջոան Սմիթի սահմանման "գենդերը սեռական տարբերության սոցիալական կազմակերպումն է", այն միջոցը, որով ստեղծվում եւ օրինականացվում է տղամարդ-կին իշխելու եւ ենթարկվելու հարաբերությունը: Այն սոցիալական շերտավորման տարրական միավոր է, որ կարող է մատնանշել զանազան մասկուլինային կազմակերպություններ` ազգի կամ դասակարգի ներքին ազգակցությունը:Դասակարգային պատկանելությունը ռեսուրսներ ունենալով կամ չունենալով է որոշվում, ինչպես ասենք, տարբերվում է "իսկական" տղամարդը ֆինանսներից զուրկ "անփող" տղամարդուց, այսինքն` գենդերը եւ դասակարգը փոխադարձաբար իրար ստեղծում են: 

Խորհրդային համակարգը այնպիսին էր, որ սահմանափակ հնարավորություններ էր ստեղծում մասկուլինության համար: 1960-ականներից այդ խնդիրը սկսում է կարեւորվել: Օրինակ` հայտնի հոգեբան Ա. Նալչաջյանը մի կողմից հոդվածներ էր գրում սեռական կյանքի հոգեբանական կողմերի մասին, մյուս կողմից ներգրավվել էր հասարակության "ֆեմինացման" քննադատության շարժման մեջ, որը սկիզբ էր դրվել Լիտերատուրնայա գազետա-ում տպագրված Բ. Ուրլանիսի "Պահպանեք տղամարդկանց" հրապարակումով: 

Ա. Նալչաջյանը, որը անցումային շրջանում դարձավ պոպ-հոգեբան, 1970-ականներին գրված իր հոդվածներում անհանգստություն է հայտնում, որ բժշկության եւ կրթության ասպարեզում կանայք մեծամասնություն են կազմում, բայց եւ գոհ է, որ այն հավասարակշռվում է դպրոցներում եւ հիվանդանոցներում տղամարդ -տնօրենների քանակական գերազանցությամբ:

Որպես բնորոշ օրինակ վերցնենք Տղամարդիկ ֆիլմը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել՝ այստեղ
Գլխավոր լուսանկարը՝ http://images.fineartamerica.com/
Մերուժան Խաչատրյանի կտավ

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և