1878թ․ Ստամբուլի Սկյուտար շրջանի «Սիլիհտարի այգի» թաղամասում ծնված Զապել Եսայանն արևմտահայ գրականության մեծագույն դեմքերից է:
ՍիվիլՆեթի լրագրող Մարիա Թիթիզյանը պոլսահայ գրող Սևան Տէյիրմենճեանի հետ շրջել է Սկյուտարի փողոցներով ու զբոսայգիներով, որտեղ Զապելն անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը:
Մեջբերումներ Զապել Եսայանից՝« Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը:»
Աղբյուր՝Civilnet.am
Կենսագրություն
Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականին Կ.Պոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում։ 1892 թվականին ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը,
Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։ Առաջին արձակ բանաստեղծությունը «Երգ առ գիշեր» 1895 թվականին լույս է ընծայել Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում, այնուհետև «Մասիս», «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազատանարտ» և այլ պարբերականներում հրատարակել է նովելներ, պատմվածքներ, գրականագիտական հոդվածներ, թարգմանություններ։
Եսայանի ստեղծագործական հասունության արտահայտությունը եղան «Սկյուտարի վերջալույսներ» (1905, «Արևելյան մամուլ»), «Կեղծ հանճարներ» (1905,«Արևելյան մամուլ»), «Հլուները և ըմբոստները» (1906, «Ազատ բեմ»), «Շնորքով մարդիկ» (1907) վիպակները, որոնք աչքի են ընկնում հոգեբանական վերլուծությունների խորությամբ, իրականության ռեալիստական պատկերմամբ։
Եսայանը 1908 թվականին վերադարձել է Կ.Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909 թվականին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում, «Անեծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։
1915-ին խույս տալով ձեռբակալությունից՝ ապաստանել է Թիֆլիսում, եղեռնի մասին հիշողություններ հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում։
1918 թվականին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և ողբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները, բողոքել քաղաքական և սոցիալական անարդարությունների դեմ։
1926 թվականին այցելել է Հայաստան և ստացած տպավորություններն ամբողջացրել «Պրոմեթեոս ազատագրված» (1928) գրքում։ 1933 թվականին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ Մետեռլինկից(«Մահը», «Իմաստություն ու ճակատագիր»)։
1933 թվականին գրողի տեղափոխությունը Խորհրդային Հայաստան ճակատագրական եղավ. աշխատանքի հրավեր ստացավ Երեւանի պետական համալսարանից։ Ժամանակաշրջանը համընկավ ստալինյան բռնապետության տարիներին։
1936 թվականին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երեւույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա եւ ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքը։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են։
Կենսագրությունը՝ Wikipedia
Կենսագրությունը՝ Wikipedia
Comments
Post a Comment