Skip to main content

Ինչպե՞ս շփվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ. Զարուհի Բաթոյան. Հարցազրույց

Զարուհի Բաթոյան. Դիսըբիլիթիինֆո.am կայքի հիմնադիր-խմբագիր
(տեսանյութը՝ ստորև)

- Ինչպե՞ս շփվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ։

Հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփման կանոնները բխում են ընդհանուր էթիկայից, մարդկային հարաբերություններից, բայց իհարկե կան որոշ նրբություններ, որոնք լավ կլինի նկատի ունենալ տարբեր խնդիրներ ունեցող անձանց հետ շփվելիս միայն սկզբի համար, որովհետև հետո շատ ավելի հեշտ է լինում, երբ մենք ունենք արդեն շփման, հաղորդակցման փորձ և որևէ բան այլևս մեզ չի վախեցնում կամ մտահոգում:

Մասնավորապես տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց հետ շփվելիս, հատկապես, եթե մարդը տեղաշարժվում է սայլակի օգնությամբ, կարևոր է, որ մարդիկ հասկանան` սայլակը մարդու անձնական տարածքն է և չի կարելի պարզապես հենվել, ձեռքը դնել կամ ոտքով հենվել սայլակին, եթե դա պարզապես ընկերական ժեստ չէ, և ձեր հարաբերությունները շատ մտերիմ չեն, որպեսզի դա չդիտվի որպես անձնական տարածքի ներխուժում: Կարևոր է նաև, որ զրուցելու ընթացքում նրանց աչքերը նույն աստիճանի վրա լինեն, այսինքն` եթե դուք զրուցում եք մարդու հետ, ով սայլակին է նստած` լավ կլինի, որ նստեք նրա դիմաց, որ մարդը ձեզ ներքևից վերև չնայի: Իհարկե խոսքն այն մասին չէ, երբ դուք փողոցում պատահաբար եք հանդիպել: Լավ կլինի, որ իսկապես մարդիկ իրար հետ զրուցեն որպես հավասարը հավասարի հետ: Տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց դեպքում, իհարկե, կարևոր է նաև օգնություն առաջարկելը, այսինքն` օգնություն առաջարկելիս ճշտել` արդյոք մարդը դրա կարիքն ունի՞, որովհետև շատ հաճախ մարդիկ մտածում են, որ պետք է հրեն սայլակը, այնինչ մարդը կարող է ինքնուրույն տեղաշարժվել և ամենևին այդ օգնության կարիքը չունենալ: Պետք է հիշել, որ սայլակները հաճախ շատ հեշտ են կորցնում կառավարումը, և շատ զգույշ պետք է լինել այս դեպքում, նորից հարցնել դրանից առաջ:

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց դեպքում շատ կարևոր է ծանոթության կամ հանդիպման պահը: Կարևոր է, որ մարդը հասկանա, թե ում հետ է ծանոթանում կամ ում է հանդիպել: Եթե մարդիկ պարզապես առաջին անգամ են ծանոթանում, շփվում, լավ կլինի ձեռքով բարևել, ասել անունն ու ներկայացնել նրան, ով ձեզ հետ է: Եթե մարդիկ ձեզ վաղուց են ճանաչում, պարտադիր չէ ամեն անգամ ներկայանալիս ասել անունը, որովհետև ձայնով ևս շատ հեշտ կարող են ձեզ ճանաչել: Եթե նույնիսկ նույն սենյակում եք գտնվում կամ մարդուն մի միջավայր, մի գրասենյակ եք հրավիրել, շատ կարևոր է նրան տեղեկացնել, թե որտեղ է նա գտնվում, ովքեր կան սենյակում, ինչ միջավայր է ու ինչ է կատարվում այդտեղ: Եթե եկել եք գրասենյակ, որտեղ մարդիկ լուռ աշխատում են համակարգիչների առաջ, և դուք մի սեղանի շուրջը ուղղակի պետք է նստեք ու զրուցեք, լավ կլինի ուղղակի ասել, որ մենք այս պահին այս սենյակում ենք, համակարգիչների մոտ երկու հոգի նստած զրուցում են, և մենք հիմա առանձին կզրուցենք և այլն: Իհարկե, այս ամենը` ոչ պաշտոնական, այլ ընկերական, պարզապես մարդուն տեղեկացնելու համար, թե ինչ է կատարվում:

Մենք պետք է միշտ հիշենք, որ այն ինֆորմացիան, որը մենք աչքերի միջոցով ենք ընկալում, այս դեպքում մարդուն պետք է բարձրաձայնել: Հաճախ մարդիկ մտածում են, որ տեսողության խնդիր ունեցող անձանց պետք է ձեռքից բռնած ման տալ, և նրանք չեն կարող ինքնուրույն որևէ տեղ գնալ: Այնինչ եթե մարդուն նկարագրենք տարածքը, նա կարող է մեկ անգամ տարածքում լինելուց հետո ինքնուրույն կողմնորոշվել ու առանց որևէ մեկի օգնության իրեն լիարժեք ու անկախ զգալ այդ տարածքում: Կարևոր է, որ մարդուն ուղեկցելիս նորից հարցնել, թե ինչպես դա անել, որովհետև շատ հաճախ տեսողության խնդիր ունեցող մարդիկ գերադասում են իրենք թևանցուկ անել մարդուն, ոչ թե մարդը ձեռքից բռնած ուղեկցի իրենց: Կամ էլ հնարավոր է, որ դրա կարիքը չլինի:

Լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ շփվելու դեպքում կարևոր է որոշ ճշտումներ անել: Նախ` հնարավոր է, որ մարդը կարողանա հաղորդակցվել շուրթերի միջոցով, այսինքն` կարողանա ձեզ հասկանալ և պարտադիր չէ, որ դուք ժեստերի լեզվին տիրապետեք: Հնարավոր է, որ բավարար լինի այն, որ պարզ ու հանդարտ խոսեք, և մարդը ընկալի: Եվ ամենևին պարտադիր չէ գոռալ մարդու ականջին, եթե նա լսողության խնդիր ունի: Նույնը չի կարելի անել նաև տեսողության խնդիր ունեցող մարդու դեպքում, որովհետև երբեմն նաև թյուր կարծիք կա, որ եթե մարդը չի տեսնում, նաև չի լսում կամ հակառակը: Կարելի է նաև որոշ ժեստեր սովորել, այսօր համացանցում դրանք կան, միայն բարևելու կան թեկուզ շնորհակալություն ասելու համար, որը մարդուն ցույց կտա, որ դուք պատրաստակամ եք նրա հետ հաղորդակցվելու`թեկուզև ժեստերի լեզուն չիմանալով: Եթե մարդը սուրդոթարգմանչի կամ որևէ մեկի հետ է, ով օգնում է ձեզ հաղորդակցվելու, այս դեպքում ուղղակիորեն դիմեք նրան, այլ ոչ թե թարգմանչին: Դուք կարող եք նրա հետ շփվել ուղղակիորեն աչքերի մեջ նայելով, իսկ թարգմանիչն արդեն կհոգա, որ ձեր ասելիքը տեղ հասնի:

Շատ կարևոր է, որ մարդիկ չձևացնեն, թե հասկացել են, որովհետև շատ բնական է, եթե ինչ-որ բան չհասկանանք կամ սխալ հասկանանք: Այս դեպքում շատ կարևոր է հարցնել` ճշտումներ անելու համար, և այդ դեպքում շատ ավելի անմիջական, անկեղծ կերևաք, քան երբ ձևացնեք, թե ամեն ինչ հասկացել եք, և որ չեք կարևորում նրա ասելիքը: Սա ևս գնահատում են լսողության խնդիր ունեցող մարդիկ:

Երբեմն մարդիկ կարծում են, թե դժվար է շփվել մտավոր խնդիրներ ունեցող անձանց հետ, թյուր կարծիք կա, որ կարող է ագրեսիա լինել, կամ մտավախություն ունեն, որ գուցե չհասկանան մարդուն: Այս դեպքում ևս շատ կարևոր են բնական պահվածքը և մարդկանց հետ շփվելու ցանկությունը, որովհետև բոլոր մարդիկ ընդունակ են հաղորդակցման, և եթե նույնիսկ դժվարություններ առաջանան, ապա դրանք հաղթահարելի են: Եվ այս դեպքում կարելի է օգնության համար դիմել ընտանիքի անդամներին, մտերիմներին, ովքեր խորհուրդ կտան, թե ինչպես դիմել, ինչպես շփվել: Մարդիկ սիրում են շփվել, իրենց նախասիրությունների մասին պատմել, և ավելի շատ են հակված հաղորդակցվելու, ընկերություն անելու մարդկանց հետ, քան այն մարդիկ, ովքեր, թվում է, որևէ խնդիր չունեն: Եվ այս դեպքում շատ կարևոր է բաց, պատրաստակամ լինել և մարդկանց չվերաբերվել ինչպես երեխաների, որովհետև կարևոր է, որ չափահաս մարդուն վերաբերվեն որպես չափահասի:

- Ի՞նչ բառեր և արտահայտություններ կարելի է օգտարգործել հաշմանդամություն ունեցող անձանց մասին խոսելիս։


- Կարևոր է հաղորդակցման ընթացքում հիշել նաև բառերի և արտահայտությունների մասին, որոնք նաև մտածողություն են ձևավորում: Այսօր ամենաճիշտ ձևը «հաշմանդամություն ունեցող մարդիկ» տարբերակն է, եթե մենք անհրաժեշտություն ունենք նշելու այդ մասին: Կարող ենք ասել` «լսողության խնդիրներ ունեցող» կամ «խուլ մարդիկ», «տեսողության խնդիր ունեցող» կամ «կույր մարդիկ», բայց այս դեպքում շատ կարևոր է, որ մենք խոսենք մարդու մասին, և այս արտահայտություններն օգտագործենք այն դեպքում, երբ դրանց անհրաժեշտությունը կա: Բայց պետք է շեշտը մարդու վրա դնենք, հիշենք, որ մարդու մասին ենք խոսում, և չշեշտենք նրա այս առանձնհատկությունը, եթե դրա կարիքը չկա: Չի կարելի որպես հականիշ օգտագործել «նորմալ», «լիարժեք», «առողջ» մարդիկ արտահայտությունները, որովհետև դրանց հականիշներն ամենևին էլ «հաշմանդամություն ունեցող մարդու» հոմանիշը չեն: Պարզապես պետք է ասել մարդիկ, ովքեր տարբեր առանձնահատկություններ, տարբեր կարիքներ ունեն:

Չի կարելի օգտագործել «սահմանափակ հնարավորություններ» արտահայտությունը, «արատներ», «թերություններ», չի կարելի մեջբերումներ անել մարդու բժշկական ախտորոշումներից, որովհետև նախ` դրանք որևէ տեղեկություն չեն տալիս մարդկանց, բացի այդ, նաև կարծրատիպեր են ձևավորում: Կարևոր է նաև հիշել, որ եթե չգիտենք` ինչպես շփվել, ինչպես վարվել ու հայտնվել ենք մի իրավիճակում, որը մեզ համար անսովոր ու նոր է, այս դեպքում պարզապես կարելի է մարդուն հարցնել, թե ինչ ճիշտ բառեր օգտագործել, ինչպես օգնել կամ ինչպես շփվել, որովհետև կարևոր է բնական պահվածքը, քանի որ բոլորս էլ կարող ենք սխալվել, բոլորս էլ կարող ենք պահի տակ հուզվել, բայց բնական է, նորմալ ու ավելի գնահատելի է, քան եթե մենք փորձենք ձևացնել, թե ամեն ինչ գիտենք, ամեն ինչ կարող ենք:



Աղբյուրը՝ disabilityinfo.am

Comments

Popular posts from this blog

Հայերեն քֆուրների վերլուծություն. Ինչպե՞ս են օգտագործվում կնատյացության կոնտեքստում

Մի քանի օրինակներ, որոնցով հասարակությունը ողջունում է կանանց նկատմամբ ատելությունը. Ինչպե՞ս պայքարել դրա դեմ Հասարակությունը կանանց չի սիրում և հետևաբար նաև նրանց հեշտոցները։ Շատ վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ հեշտոցները կամ կանանց սեռական օրգանները չգիտես ինչու վատն են և կեղտոտ/խուժան են։ Ինչպես նաև բնականաբար տղամարդկանցը։ Այս գաղափարները սոցիալականացման համար գալիս են համընդհանուր օգտագործվող լեզվամտածողությունից , սեռական բնույթի կարծրատիպերից , սոցիալական նորմերից և օգտագործվող տերմիններից։ Սակայն փաստն այն է , որ հեշտոցները մշակութային ատելության թիրախն են և գլխավոր ատելության օբյեկտը համեմատած տղամարդկանց օրգանների և սեռի հետ, քանի որ տղամարդկանց սեռական օրգանը դիտվում է որպես հարձակվող ավելի շուտ, քան պասիվ և նվաստացուցիչ՝ ինչպես հեշտոցը։ Մենք կարող ենք սրա դեմն առնել լինելով ավելի կրթված և տեղեկացված։ Եթե ցանկանում են վիրավորել որևե մեկին ավելի ճիշտ կլինի արտահայտել կոնկրետ հատկանիշ և կոնկրետ մարդու անուն, քանի որ այլ բառեր ու ածանցներ օգտագործ

Ծլիկ․․․ի՞նչ նպատակ ունի այն

Լուսանկարը՝ med-practic.com Ծլիկն ունի մի շատ պարզ նպատակ: Նա մարմնի միակ օրգանն է, որը պարզապես ստեղծված է հաճույք ստանալու համար: Ծլիկն իրենից ներկայացնում է նյարդային հանգույց: Ավելի ճիշտ 8,000 նյարդային կծիկներ: Սա նշանակում է, որ ծլիկի նյարդային կծիկների կենտրոնացումն ավելի բարձր է տղամարդու կամ կնոջ մարմնում գտնվող մի ուրիշ օրգանի նյարդերի քանակից, ներառյալ մատների ծայրերը, շուրթերնը ու լեզուն: Ծլիկում գտնվող նյարդերի քանակը երկու անքամ գերազանցում է առնանդամինը: Սա մի դրական փաստ է հեշտոցի մասին, Նատալի Անժեյի `“Կին․ Մի ինտիմ Աշխարագրություն” գրքից:

Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման: Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և