Մանիֆեստ, Հեղափոխություն յարս: Աղջիկ ծնվելը մեր առաջին հաղթանակն է: Մենք չունենք այլ ընտրություն, քան պայքարելը, որպեսզի ծնվելուց հետո էլ աբորտ չանեն մեզ` մեր ձայնը, մեր մարմինը, մեր մտքերը, մեր կարողությունները, ցանկությունները, պատկերացումները, գործողությունները: Որպեսզի կարողանանք ինքնիրացվել, զարգանալ, կայանալ որպես լիարժեք անհատներ:
Մերժում եմ այն համակարգը, որի մեջ ինձ դաստիարակում են և վերաբերվում են որպես ենթարկվող-հնազանդ, տեսակետ չունեցող, անինքնավստահ, հարմարվող, կցորդ:
Գիտակցում եմ, որ ապրում եմ պատրիարխալ, սահմանափակող համակարգում, որտեղ ստորադասը ես եմ, որտեղ ես օբյեկտ եմ, ոչ թե սուբյեկտ: Վստահ եմ, որ եթե ինքս չազատագրվեմ, ոչ ոք իմ փոխարեն դա չի անի:
Ուզում եմ իմանալ իմ տեսակի պատմությունը: Ուզում եմ ինձ չասեն` գնամ կոֆե դնեմ: Ուզում եմ բարձր ձայն հանել և օրգազմ ապրել սեքսի ժամանակ, առանց անբարոյական պիտակվելու: Ուզում եմ մարմինս իմը լինի, բռնության չենթարկվեմ, իմանամ ինքնապաշտպանվել: Ուզում եմ աշխատել և այն մասնագիտությամբ, որն ինքս կընտրեմ` նաև հոգևորական, զինվորական, վարորդ, վարչապետ:
Բարձրաձայնում եմ, որ ազատ եմ` խոսել թե չխոսել և ինչպես արտահայտվել, մասնակցել թե չմասնակցել, ընդդիմանալ թե համաձայնվել: Անընդհատ բախվում եմ` կնիկ ա` հիմար ա, հիստերիկ ա, բան չի հասկանում, կինը ուր` քաղաքականությունն ուր կարծրատիպերի հետ:
Ապրում եմ ոչ իմ տեսակի ստեղծած խաղի կանոններով, որպես ուրիշ, ուրիշի աշխարհում ինձ փնտրելով: Փոխելով ինձ` փոխում եմ աշխարհը:
Ընտրում եմ` ինչպիսին լինել` տարբեր թե՞ մեծամասնության նման, ընդունված մոդելից դուրս թե՞ ներս, կույս լինել թե չլինել, ամուսնանալ թե չամուսնանալ, երեխա ունենալ, թե չունենալ, ամուսնանալով երեխա ունենալ, թե առանց ամուսնանալու: Ընտրում եմ իմ կարգավիճակը, իմ ապրելաձևը, իմ շարժուձևը, հագուկապը, մասնագիտությունը, աշխատանքը, իմ սոցիալական ցանցը: Ընտրում եմ համարձակ լինելը:
Գործում եմ տարբերների հետ հավասարի պես. գործում եմ հանուն. այն դաշտերում, որտեղ ավանդաբար պիտի չլինեի` ընտանիքից դուրս, պետությունից դուրս, իշխանությունից դուրս, հասարակական կարծիքից դուրս:
Իրացնում եմ իմ մտքերը, մարմնի ցանկությունները, երևակայությունը, երազանքները:
Որոշում եմ քննադատել, փոխել, կոտրել, ապրել, պարել, ստեղծել, սիրել:
Ստեղծում եմ իմ իրականությունը և հրավիրում եմ ձեզ այն ինձ հետ կիսելու:
Առաջարկում եմ առաջարկել բոլոր չառաջարկված առաջարկները:
Ինձ սահմանափակելն անհնար է, ես դուրս եմ եկել սահմաններից, ես չափս անցել եմ ու ինձ բռնել էլ չի լինի:
Comments
Post a Comment